Մետրոպոլիտենի աշխատանքից ազատված երեք մեքենավարների գործով առաջին դատական նիստը նշանակված է մայիսի 6-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Փետրվարի 12-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային մասնակցելու պատճառով աշխատանքից ազատված Սեւակ Հովհաննիսյանը, Գագիկ Գալստյանը եւ Անդրանիկ Գեւորգյանը դատարանից պահանջում են աշխատանքից ազատման հրամաններն անվավեր ճանաչել, նախկին աշխատանքը վերականգնել եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել: Պատասխանող կողմը Երեւանի «Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն է: Դատավորն է Սիմիզար Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Երեւանի Մետրոպոլիտենի մոտ երկու տասնյակ աշխատակիցներն առավոտյան ժամը 10:00-ից հավաքվել էին Մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի մոտ՝ բողոքելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը փետրվարի 14-ին տարածել էր հաղորդագրություն, ըստ որի ակցիայից հետո երեք աշխատակից՝ Անդրանիկ Գեւորգյանը, Սեւակ Հովհաննիսյանը եւ Գագիկ Գալստյանը հեռացվել են աշխատանքից: Մինչդեռ Մետրոպոլիտենի մամուլի բաժնից NEWS.am-ին հայտնել էին, որ աշխատանքից ազատված մեքենավարները «հազար անգամ թուքումուր կերած մարդիկ են»:



























