Ղարաբաղյան հիմնախմնդրի կարգավորման գործընթացում Ռուսաստանին  տեսնում եմ միայն միջնորդի դերում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Այս մասին մարտի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հայտարարությունն այն մասին, որ  Հայաստանը պետք է որոշի՝ Ղարաբաղը մտնելու է Հայաստանի, թե՞ Ռուսաստանի կազմի մեջ:

Փորձագետը նշել է, որ ԼՂՀ-ն Ղրիմը չէ, եւ ընդգծել է, որ ԼՂՀ-ում ռուսախոս բնակչություն չկա (հավանաբար, նկատի է ունեցել, որ ԼՂՀ-ում քիչ ռուսներ կան, քանզի, մեղմ ասած, Ղարաբաղի բնակչության զգալի մասը ռուսախոսներ են): «Ես չեմ կարող ասել՝ ինչ էր մտածում Կովալենկոն, երբ նման հյատարարություն էր անում», - նշել է Սաֆրաստյանը:

Նշենք, որ Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտնել էր, որ Հայաստանի կամ Ռուսաստանի կազմում Ղարաբաղի ընդգրկվելու մասին խոսելը վաղ է՝ հավելելով, որ այդ հարցը պետք է լուծի Հայաստանը, այլ ոչ թե մեկ այլ երկիր: