Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է աշխատանքի նախարարությանը՝ նվազագույն ժամկետներում Ղրիմի բնակչության կենսաթոշակները բարձրացնել ռուսական մակարդակի: Արդյունքում թոշակները կարող են կրկնակի աճել:

«Ռուսաստանի բոլոր քաղաքացիները պետք է լինեն նույն պայմաններում: Թե ինչպես դա կանեք, դա ձեր գործն է: Պետդումայի պատգամավորների հետ միասին մտածեք ու իրականացրեք: Ու մի ձգձգեք, արեք հնարավորինս շուտ»,-ասել է Պուտինը՝ դիմելով աշխատանքի նախարար Մաքսիմ Տոպիլինին:

Ավելի վաղ Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովն «Առաջին ալիքի» ուղիղ եթերում հայտարարել էր, որ մոտ ժամանակներս Ղրիմում աշխատավարձերն ու թոշակները կհասնեն ռուսական մակարդակի:

«Աշխատավարձները, կենսաթոշակները, մնացած ամեն բան, որոնք վերաբերում են սոցիալական ապահովությանը, կինդեքսավորվեն համաձայն ՌԴ օրենսդրության, բառացիորեն մոտակա ժամանակներս»,-ասել է նա:

Ակսենովը հավելել է, որ արդեն սկսվել է ղրիմցիների անձնագրերը ռուսականով փոխելու գործընթացը: Միաժամանակ նա նշել է, որ փաստաթղթերը փոխվում են կամավոր: