Հայաստանի-Շվեյցարիա միությունը ողջունում է Շվեյցարիայի որոշումը բողոքարկել Հայոց ցեղասպանության թուրք ժխտող Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռը: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ը: Ասոցացիան հույս ունի, որ Շվեյցարիայի արդարադատության դաշնային վարչության բողոքարկումը հիմնարար կլինի Փերինչեքի օգտին փաստարկները հերքելու համար:
«Մենք ուրախ ենք, որ Բերնը նման ընտրություն է կատարել»,- ասել է ասոցացիայի պատվավոր նախագահ Սարգիս Շահինյանը: Նրա խոսքով՝ «խորհրդանշական» է, որ նույն օրը Շվեյցարիայի Ազգային խորհրուրդը 126 կողմ եւ 55 դեմ ձայներով մերժել է պատգամավոր Օսկար Ֆրեյզինգերի առաջարկը կարծիքն ազատ արտահայտելու վերաբերյալ:
Ազգային խորհրդի անդամ Օսկար Ֆրեյզինգերն առաջարկել է կամքի արտահայտության ազատություն մտցնել, այդ թվում նաեւ պատմական փաստերի առթիվ: Սակայն երկրի Դաշնային խորհրդի անդամ Սիմոնետա Սոմարուգան հակադարձել է՝ ասելով, որ այդ ազատությունը կապված է միայն պայմանների հետ՝ ՄԱԿ դրույթներին համապատասխան:
Շվեյցարական Վալե կանտոնի պետական խորհրդի անդամ Օսկար Ֆրեյզինգերը վերջերս Հայոց ցեղասպանության վերաբերյալ աղկահարույց հայտարարություն էր կատարել: Թուրքական «Այդինլիկ» թերթին տված հարցազրույցում Օսկար Ֆրեյզինգերը նշել է. «Միգուցե եղել է, միգուցե՝ ոչ: Հարցը պետք է բացահայտ քննարկվի»: Պաշտոնյան կարծես փոխել է կարծիքը, քան որ 2003թ.-ին մեկն էր նրանցից, որ հայոց ցեղասպանության ճանաչման միջնորդագիր ստորագրեց:
Հիշեցնենք որ ՄԻԵԴ-ը 2013թ.-ի դեկտեմբերին բավարարել էր թուրք հակահայկական գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի: Դատարանն իր որոշումը հիմնավորել է խոսքի ազատության սկզբունքով: Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Փերինչեքը 2008-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության փաստի հրապարակային ժխտման համար:
Նշենք, որ Շվեյցարիայի կառավարությունը ժամկետի լրանալուց մի քանի օր առաջ որոշել է բողոքարկել թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակի հաղորդակցության բաժնի աշխատակից Ֆոլկո Գալին հայտնել է, թե Շվեյցարիան պահանջելու է, որ ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ ուղղի մինչեւ մարտի 17-ը:




























