Սանտա-Մոնիկայում դանակահարության մեջ մեղադրվող քալիֆորնիական Բըրբենք քաղաքից երեք հայերի փաստաբանները հայտարարել են, որ տղամարդկանցից մեկը պաշտպանվել է հարձակվողներից, մյուսներն առհասարակ չեն մասնակցել ծեծկռտուքին: Այդ մասին գրում է «Burbank Leader»-ը:

Դատարանում նախնական լսումների ժամանակ ներկա էր երեք տղամարդ՝ Արայիկ Հովոյանը, Ալեքս Աքբարին եւ Գեւորգ Բաղդասարյանը: Հովոյանը մեղադրվում է դանակով սպանության փորձի  մեջ, իսկ Բաղդասարյանն ու Աքբարին՝ սպանության եւ զենքով հարձակման փորձի մոջ: Նրանք հունվարին իրենց մեղավոր չէին ճանաչել ներկայացվող հանցանքներում:

Դատարանի դահլիճից  դուրս երեք փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալները ձկնորս Անտոնիո Կաստիլիոյի հետ վիճաբանության ընթացքում սադրանքի են ենթրկվել, ով ենթադրյալ զոհերից մեկն է: Երկրոդ ենթադրյալ զոհը Խիլբերտո Դորադոն է: Փաստաբանների խոսքով՝ վիճաբանությունից հետո ծեծկռտուք է սկսվել: «Կաստիլիոն մոտեցել է իմ պաշտպանյալին, փորձել դանակով հարձակվել նրա վրա»,- ասել է Հովոյանի փաստաբանը՝ ցույց տալով լուսանկարներ, որտեղ երեւում են Հովոյանի ձեռքի ու խարանոցի վերքերը: « մենք լուրջ հիմքեր ունենք սա ինքնապաշտպանություն համարել»,- հավելել է փաստաբանը: Մյուս փաստաբաններն էլ հայտարարել  են, որ իրենց պաշտպանյալներն առհասարակ վեճին չեն մասնակցել:

Այս պահին քննիչները դանակի փորձաքննություն են անցկացնում, որը գտել են Կաստիլիոյի իրերում, թեեւ նա հայտարարել է, որ դանակն իրեն չի պատկանում: Հովոյանն ու Աքբարին կալանքի ներքո են, իսկ Բաղդասարյանը 500 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել: Մեղադրանք են ներկայացրել նաեւ 17-ամյա անչափահասի, ում անունը չեն հրապարակում:

Հիշեցնենք, որ հայկական ծագմամբ մի քանի երիտասարդներ, ինչպես նաեւ 21-ամյա աղջիկ ձերբակալվել էին Սանտա-Մոնիկայում հունվարի 18-ին: Տեղական ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ երիտասարդների մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել գիշերը նավահանգստում, որտեղ հավաքվում են ձկնորսները: Ականատեսների խոսքով՝ հինգ երիտասարդներից բաղկացած խմբի եւ երկու ձկնորսներ միջեւ վեճ է բռնկվել: Վեճը վերաճել է ծեծկռտուքի, որի ընթացքում երկու զոհերն էլ դանակի հարվածներ են ստացել: Ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալել էին հինգ կասկածյալի՝ չորս երիտասարդ Բըրբենքից եւ մեկ աղջիկ Գլենդելից: Ոստիկանությունը ձերբակալել էր Արայիկ Հովոյանին (24 տարեկան), Ալեքս Հակոբ Աքբարին (18 տարեկան), Գեւորդ Բաղդասարյանին (19 տարեկան), 16-ամյա դեռահասի եւ 21-ամյա Աղավնի Մանուկյանին: