Մոսկվայի «Չայխոնա» ռեստորանում ձերբակալվել է 19 ապօրինի  միգրանտ՝ ՌԴ ԴՄԾ-ի ղեկավար Կոսնտանտին Ռոմոդանովսկու անմիջական ղեկավարությամբ կատարված ստուգումների ընթացքում:

ԴՄԾ-ի ստուգումները սկսվել էին Մոսկվայի կենտրոնի ռեստորանից: ԴՄԾ-ի աշխատակիցները ձերբակալել են 19 մարդու, որոնք անօրինական աշխատում էին ռեստորանում: Բոլորն էլ ԱՊՀ երկրներից են եղել: 

Ըստ գերատեսչության մայրաքաղաքային վարչության պետի տեղակալ Սերգեյ Ակսյոնովի՝ արտաքսման փաստաթղթերն արդեն հինգշաբթի դատարանում կլինեն: Յուրաքանչյուր օտարերկրացու համար գործատուն վճարելու է 400 հազար ռուբլի տուգանք:

ԴՄԾ-ի ղեկավարը փորձել է  իրավախախտներից իմանալ, թե ինչու նրանք չեն հետեւում ՌԴ-ի օրենքներին: «Դուք աշխատում եք առանց փաստաթղթի, էլ չեմ ասում բուժգրքույկների մասին: Ինչպե՞ս կարող են Ռուսաստանի քաղաքացիները վստահ լինել, թե ինչ են ուտում», - հարցրել է Ռոմոդանովսկին: «Բարի ճանապարհ դեպի հայրենիք», - օտարերկրացիներին  մաղթել է ԴՄԾ-ի ղեկավարը՝ հիշեցնելով, որ  նրանք ժամանակ կունենան մտածելու, քանի որ երկար ժամանակ նրանց համար Ռուսաստան մուտքը փակ կլինի:

Ռուսաստանի մայրաքաղաքում հանրային սննդի հաստատություններում ստուգումները շարունակվում են, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: