Երկու ամիս առաջ իր շենքի բակում անհայտ անձի կողմից հարվածներ ստանալու հետեւանքով «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից, Արցախյան ազատամարտի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ, 3 երեխաների հայր Կարեն Մկրտչյանն արդեն հետազոտվում է Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի բժշկական կենտրոններից մեկում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա ընկերը՝  Տիգրանը:

Նա նշեց, որ Կարենը եւ Վարդան Արզումանյանը նորմալ տեղ են հասել, դերասանի ինքնազգացողություն լավ է, այժմ սկսել են հետազոտությունները: «Կարենը դեռ ստուգվում է, ոչ մեկ կոնկրետ չի կարող ասել, թե ինչքան կտեւեն հետազոտությունները:Այստեղի հետազոտությունների փաստաթղթերն են ուզել, որը կուղարկենք»,- ասաց ընկերը:

Տիգրանն ասաց, որ այժմ Կարենի հետազոտությունը եւ բուժումը կազմակերպելու համար հավաքվել է մոտ 50 հազար եվրո, նախնական հայտնել էին, որ կպահանջվի 80 հազար եվրո: Նա նաեւ նշեց, որ դերասանը խնդրել է դադարեցնել փողոցային դրամահավաքը, քանի որ բարեգործության անվան տակ տարբեր անձինք գումարներ են հավաքում, որոնք չեն էլ հասնում Կարենին:

Նշենք, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգնել Կարենին, կարող են գումար փոխանցել «Յունիբանկում» բացված հետեւյալ հաշվեհամարներին, դրամով փոխանցման դեպքում՝ 24100265048901, դոլարով փոխանցման դեպքում՝ 24100265048902, եվրոյով՝ 24100265048903:

Կարենին օգնելու նպատակով Առնո Բաբաջանյան համերգասրահում մարտի 30-ին կկազմակերպվի բարեգործական համերգ, իսկ մարտի 9-ին էլ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներն ու ՀԱԱՀ-ի վարժարանի ուսանողները անցկացրեցին բարեգործական ֆուտբոլային հանդիպում, որի ընթացքում հավաքվել է մոտ 150 հազար դրամ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեկտեմբերի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Պարզվել է, որ նա Երեւանի Գայի պողոտայի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարեն Մկրտչյանն է, ով վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում՝ անհայտ անձի կողմից ստացած հարվածների հետեւանքով: Դեպքից հետո՝ ամիսներ շարունակ, նա գտնվում  է անվասայլակին, սակայն այժմ  նաեւ կակազում է եւ օրեցօր կորցնում խոսելու կարողությունը: