Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանը պետք է ավելի որակյալ ապրանք արտադրի: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած շուկայում, այդ թվում Մաքսային միության, անհնար է ղեկավարվել նախկին արտադրական մշակույթով:

Բոստանջյանը նկատել է, որ 2013 թվականին 2012-ի համեմատությամբ, Հայաստանի տնտեսության մեջ ուղղակի ներդրումները նվազել են 62 տոկոսով, բայց ՄՄ-ը կարող է այդ կառույցի այլ անդամ երկրներից ներդրումներ ներգրավելու լավ հնարավորություն դառնալ: Միաժամանակ, ԲՀԿ անդամը հավելել է, որ պետք է մտածել այն մասին, թե ինչ մրցունակ աշխատատեղեր առաջարկել մարդկանց: «Օրինակ, կա նոր պղնձամոլիբդենային կոմբինատի ստեծման ծրագիրը՝ Զանգեզուրի հանքավայրի բազայի վրա, կա «Նաիրիրտի» վերականգնման ծրագիրը: Ահա, թե ինչ պետք է անել, որ մարդիկ չհեռանան, ոչ թե մեղադրել ռուսներին կամ մեկ ուրիշին: Լինի աշխատանք, մարդիկ կմնան»,-ընդգծել է Բոստանջյանը: