Իրեն բերման ենթարկելիս բռնություն գործադրած ոստիկաններին քրեական պատասխանատվության չենթարկելու՝ ՀՔԾ քննիչ Լևոն Մելքոնյանի որոշումը բողոքարկող Armenia Тoday կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի հայցի քննությունն այսօր՝ մարտի 19-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվեց՝ քննիչի դատարան չներկայանալու պատճառով: Այս անգամ քննիչը դատարանին տեղեկացրել էր, որ բացակայում է քաղաքից:

«Արդեն երկրորդ նիստն է հետաձգվում, առաջին անգամ քննիչը հայտնել էր, որ վատառողջ է, 2-րդ անգամ հայտնել է, որ գործուղման է Գորիսում եւ չի կարող ներկայանալ, այնինչ ինքը նախօրոք գիտեր նիստի մասին, այսինքն՝ կարող էր չմեկնել Գորիս»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը:

Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝  դատաքննությունը միտումնավոր է ձգձգվում. «Ես մտածում եմ՝ ՀՅատուկ քննչական ծառայությունը չի կարողանում կողմնորոշվել, իր տակտիկան մշակել, դրա համար փորձում է հետաձգել նիստերը, իրենք հասկանում  են, որ կարող են այս  դատը պարտվել, մտածում են՝ ինչ, ոնց անեն, որ դրա դեմն առնեն»։

Հիշեցնենք,  որ ըստ նախաքննական մարմնի՝ Կիվիրյանին մարմնական վնասվածքները հասցրել են ոչ թե ոստիկանները, այլ Կիվիրյանն ինքն է իրեն դիտավորյալ վնասել ոստիկանական ավտոմեքենայում: Արգիշտի Կիվիրյանի պաշտպանները բողոքարկել էին քննիչի որոշմումը: