Վերջերս «Կյանքի խոսք» կրոնական կառույցի հիմնադիր Ուլֆ Էկմանի վերադարձը կաթոլիկ եկեղեցի տարաբնույթ քննարկումների պատճառ դարձավ: Այս առիթով մեկնաբանության համար NEWS.am-ը դիմեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանին:
«Ուլֆ Էկմանի հայտարարությունն իր իսկ հիմնած կառույցի առաքելության ու գաղափարախոսության վերագնահատման արդյունք է: Հայտարարությունն ակնհայտ է դարձնում այն անհանդուրժող կեցվածքն ու դիրքորոշումը, որ որդեգրել էր «Կյանքի խոսք»-ի հիմնադիր-առաջնորդը հանդեպ ավանդական եկեղեցիները եւ մասնավորապես Կաթոլիկ եկեղեցին` չճանաչելով կամ անտեսելով առաքելահիմն Եկեղեցու հարուստ հոգեւոր ժառանգությունը, աստվածաբանական դրույթները, ծիսական-խորհրդական կյանքը եւ քահանայական նվիրապետական համակարգ»,- նշել է Վահրամ քահանան:
Նրա խոսքով, Էկմանի հայտարարությունն ինքնին ուղղակի կամ անուղղակի հրավեր է դարձի: «Ինչ վերաբերում է մեր` հայաստանյան իրականությանը, ապա վստահ եմ, որ տեղի ունեցածը տարբեր հանգամանքների բերումով այս կամ այն կրոնական կազմակերպության ու հոսանքի հետեւորդ դարձած շատերի համար առիթ կդառնա սթափ գնահատելու, հետեւություններ կատարելու եւ վերանայելու սեփական ընթացքը: Այս առիթով եւս մեկ անգամ նշեմ, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին միշտ գրկաբաց պատրաստ է ետ ընդունելու իր բոլոր այն զավակներին, ովքեր ցանկություն ունեն վերադառնալու Մայր Եկեղեցու գիրկը, լավագույնս ճանաչելու այն եւ իրենց հոգեւոր կյանքում զորանալու նրանով»,- նշեց Վահրամ քահանան:



























