Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղին:

Մրցաշարի հաղթող է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարության թիմը, որը եզրափակիչում առավելության է հասել ՀՀ արտաքին գործերի նախարարության թիմի նկատմամբ:

Մրցաշարի երրորդ տեղն է զբաղեցրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության թիմը:

«ՀՀ վարչապետի գավաթ»-ին արժանացած առողջապահության նախարարության թիմի անդամներին հաղթական գավաթը հանձնել է անձամբ վարչապետ Սարգսյանը:

Շնորհավորելով մրցանակակիրներին` վարչապետը կարեւորել է նման մրցաշարերի անցկացումը: «Նման մրցաշարերը հասարակության մեջ ձեւավորում են այնպիսի միտումներ, որոնք ծառայելու են ինտելեկտուալ կարողությունների ձեւավորմանն ու տարածմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Միաժամանակ, կառավարության ղեկավարը մյուս պետական կառույցների, զանգվածային լրատվական միջոցների թիմերին եւս հրավիրել է մասնակցել այս մրցաշարին:

Այս տարի մրցաշարին մասնակցել են պետական 22 գերատեսչությունների թիմեր՝ շուրջ 150 մասնակիցներով:

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա» եւ «Քաղծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների կողմից՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ:

Մրցաշարի նպատակն է խրախուսել ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին եւ հնարավորինս նպաստել ինտելեկտուալ խաղերի տարածմանը Հայաստանում: