Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողությունից հետո համացանցում հայտնված սկանդալային հեռախոսազրույցներին ավելացել է եւս մեկը, որում լսվում է, թե ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը (Ռըզա Սարրաֆ) ՆԳ արդեն նախկին նախարար Մուամեր Գյուլերի որդու միջոցով ոստիկանապետ է «վնասազերծում»։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ գաղտնալսված հերթական հեռախոսազրույցում «Մեծ կաշառք»-ի գործով անցնող գլխավոր կասկածյալներից Ռեզա Զարրաբը ՆԳ արդեն նախկին նախարար Մուամեր Գյուլերի որդու՝ Բարըշ Գյուլերի հետ զրույցում իրեն անհանգստացնող ոստիկանապետերի անուններն է փոխանցում։ Բարըշ Գյուլերը Ռեզային կոչ է անում չանհանգստանալ, քանի որ ինքը այդ «պոռնիկի զավակների» քթից կբերի։

Մյուս հեռախոսազրույցի ժամանակ արդեն Ռեզա Զարրաբն իր աշխատակցին հրահանգում է ոստիկանապետին «վնասազերծելու» գործի համար խոստացած գումարը տանել հասցեատիրոջը։

Նշենք, որ Ռեզա Զարրաբը Թուրքիայում ձերբակալվել էր 2013-ի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողության ժամանակ։ Էրդողանի կողմից փոխված դատավորներն ու դատախազները ամեն ինչ արեցին «Մեծ կաշառք» գործով ձերբակալվածներին ազատ արձակելու համար եւ փետրվարի 28-ին արդեն բոլորը հայտնվել են ազատության մեջ։

Ռեզա Զարրաբը մեղադրվում է միլիոնավոր դոլարների մաքսանենգության եւ խոշոր չափերով կաշառքներ տալու մեջ։