Վերաքննիչ քրեական դատարանը «Խոտի դեզի» գործով անկողմնակալ քննություն չի կատարում, փորձում է ամեն կերպ հիմնավորել առաջին ատյանի դատարանի կայացրած սխալ որոշումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  գործով մեղադրյալ Արամ Մուղալյանի պաշտպան Վահե Գաբրիելյանը:

Այսօր` մարտի 19-ին կայացած նիստին Արամ Մուղալյանի պաշտպանի ներկայացրած 3 միջնորդություններն էլ դատարանը մերժել է:

«Մենք դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցինք այն հիմքով, որ դատարանը կողմնակալություն է դրսեւորում, բայց միջնորդությունը մերժվեց: Պաշտպանական կողմի միջնորդությունները անհիմն մերժում են, իսկ մեղադրողի միջնորդությունը բավարարում այն դեպքում, երբ դա նույնիսկ միջնորդության սահմաններից է դուրս գալիս: Միջոցներ են ձեռնարկում, որ գործն արհեստական ապացույցներով լցվի, եւ որպեսզի կարողանան առաջին ատյանի դատավճիռը ինչ-որ ձեւով հիմնավորել»,- մտահոգություն հայտնեց փաստաբան Վահե Գաբրիելյանը:

Այսօր Վահե Գաբրիելյանը նաեւ միջնորդել է, որպեսզի Արամ Մուղալյանի՝ քննիչին տված բացատրությունը, որը դատարանը ընդունել է որպես  ապացույց, ճանաչվի անթույլատրելի ապացույց:

«Արամ Մուղալյանից ի սկզբանե բացատրություններ են վերցրել ճնշումների կիրառմամբ, խաբեությամբ, նրա իրավունքների խախտմամբ, նրան  չեն բացատրել իր իրավունքներն ու պարտականությունները։  Անձի իրավունքների խախտմամբ ստացված բացատրությունը չի կարող որեւէ կերպ դրվել գործի հիմքում, մեղադրանքի հիմքում։ Այս միջնորդությունն էլ դատարանը մերժեց»,- պատմեց փաստաբանը:

Երրորդ անգամ Վահե Գաբրելյանը միջնորդել է, որպեսզի դատարանը ապացույց ճանաչի տուժողի, տուժողի ընտանիքի եւ հարեւանների բացատրությունները:

«Գործում կան բացատրություններ, որոնցից հստակ երեւում է, որ հանցագործություն տեղի չի ունեցել, եւ որ տուժողը որեւէ վնաս չի կրել, որեւէ բողոք չունի: Ցանկանում էինք, որ դատարանը դրանք հրապարակեր: Դրանք կհերքեին դատարանի կողմից արհեստականորեն ստեղծված ապացույցները, բայց դա էլ մերժեցին»,- ասաց Վահե Գաբրելյանը:

Վերաքննիչ քրեական դատարանը իր որոշումը կհրապարակի վաղը` մարտի 20-ին:

Փաստաբան Վահե Գաբրիելյանի  կարծիքով, դատարանը անփոփոխ կթողնի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը. « Դատարանի այսօրվա վարքագծից պարզ է, թե ինչ կլինի: Ինձ թվում է՝ իրենք որոշումը կայացրել են արդեն»։

Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանում ուսանած Արամ Մուղալյանն իր երեք ընկերների` Ռոբերտ Փիլոյանի, Գագիկ Առաքելյանի և Արթուր Քլյանի հետ մեղադրվում էին Արմավիրի Նորապատ համայնքի բնակիչներից Սիաբանդ Խուդոյանի խոտը դեզը միտումնավոր ծխահարելու մեջ: Նրանց  դեմ քրեական գործ էր հարուցվել խուլիգանության և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձի մեղադրանքով: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց մեղավոր ճանաչեց  հոկտեմբերի 15-ին և համաներմամբ ազատ արձակեց նիստերի դահլիճից: Նրանք դիմել են Վերաքննիչ դատարան` արդարացման վճռի հասնելու համար: