Փաստաբանական դպրոցի միավորումը Արդարադատության ակադեմիայի հետ մոտ ապագայում չի կարող լինել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի օրերս արած հայտարարությանը, թե հնարավոր է մի օր փաստաբանների ուսուցումը եւ վերապատրաստումը վերապահեն այդ կառույցին:
Նա նշեց, որ միավորման համար նախ եւ առաջ պետք է փոխվի համակարգը եւ օրենսդրությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է առնվազն 20 տարի, ընդ որում՝ պետք է այսօրվանից սկսել միավորել դատախազությունը եւ փաստաբանական պալատը եւ արդյունքում լինի մեկ կառույց, ինչպես ԱՄՆ-ում է` Իրավաբանների միություն:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ առհասարակ մեկ կառույց ունենալը արդարացված է, երբ անձը, այն ավարտելով, կարող է դառնալ եւ' դատախազ եւ' փաստաբան, իսկ եթե ավարտելով՝ նա չի կարող ընտրել վերոնշյալ երկու մասնագիտություններից որեւէ մեկը, ապա մեկ կառույց լինել չի կարող: Նա Փաստաբանական դպրոցը Արդարադատության ակադեմիային միացնելու, փաստաբանների վերապատրաստումը այնտեղ կազմակերպելու մասին կարծիք հայտնողներին խորհուրդ է տալիս նախեւառաջ ուսումնասիրել գործող օրենսդրությունը, քանի որ ներկայումսել նման իրավունք օրենքը վերապահում է ակադեմիային, եթե նա հավատարմագրվի ՀՀ փաստաբանական պալատում եւ փաստաբանները եւ ցանկություն հայտնեն այնտեղ վերապատրաստվեն, բայց պարտադիր դարձնելու մասին խոսելուց առաջ պետք է ուսումնասիրել միջազգային պայմանագրերը, որոնք երաշխավորում են փաստաբանական ինստիտուտի անկախությունը պետական մարմիներից, այսինքն՝ պետությունը իրավունք չունի պարտավորեցնել փաստաբանին վերապատրաստվել կամ ուսուցանել իր կողմից հիմնադրված եւ ղեկավարվող կազմակերպությունում, քանի որ այդ դեպքում կխախտվի փաստաբանի անկախության սկզբունքը: «Ես շատ կասկածում եմ, որ Հայաստանում կգա մեկ օր, որ կարող է լինել իրավաբանների միություն, որտեղ անդամակցելու են ինչպես դատախազները, այնպես էլ փաստաբանները, ինչպես ԱՄՆ-ում: Չկա որեւէ պետություն, որտեղ փաստաբանները պարտավոր լինեն ուսուցումն անցնել նույն վայրում, որտեղ ուսուցանվում են նաեւ դատավորներն եւ դատախազները: Դա ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական երկրներում կամավոր է»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:




























