Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր տուրչինովը Ղրիմի ինքնահռչակ իշխանություններին 3 ժամ է տվել բոլոր պատանդներին ազատելու եւ թերակղզու տարածքում սադրանքները կանխելու համար: Այդ մասին, ինչպես գրում է «Ուկրաինսկայա պրավդան», ասվում է Տուրչինովի հայտարարության մեջ: Պահանջը չկատարելու դեպքում տուրչինովը խոստանում է համարժեք միջոցներ ձեռնարկել: «Այդ թվում տեխնիկական եւ տեխնոլոգիական բնույթի»,- ասել է նա:

Տուրչինովի խոսքով, մարտի 19-ին ՌԴ զինված ուժերի հերթական սադրանքի ժամանակ պատանդ է վերցվել Ուկրաինայի ՌԾՈՒ հրամանատար, փոխծովակալ Սերգեյ Գայդուկը: Ըստ տուրչինովի, սա Ղրիմում զինվորական եւ քաղաքացիական անձանց ապօրինի առեւանգման առաջին փաստը չէ: Այսօր Ղրիմ է մեկնել փոխվարչապետ Վիտալի Յարեմայի եւ Պնախարար Իգոր Տենյուխի գլխավորած պատվիրակությունը, սակայն ինքնաթիռի վայրէջքն արգելել են: