Պաշտոնապես հայտարարում եմ, որ ուղեվարձը այս տարվա ապրիլի մեկից չի թանկանալու: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին Երեւանի ավագանու նիստի ավարտին ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով ավագանու անդամների հարցերին:

«Բարեւ Երեւան» խմբակցությունից հայտնում են, թե խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի կողմից ԱԺ-ում քննարկվող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող հարցերին ի պատասխան էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ նախագծում սահմանված մեկ «օպերատոր» հասկացությունը բնավ չի նշանակում, թե միայն Երեւանի քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցն է իրականացնելու ուղեւորափոխադրումները:

«Անգամ ամենամեծ ցանկության դեպքում դա ուղղակի անհնար է իրականացնել, քանի որ Երեւան համայնքը անհրաժեշտ քանակության տրանսպորտային միջոցներ չունի: Բացի այդ, մեր քաղաքականությունն այդ հարցում հստակ է. մասնավոր ընկերություններն անպայման պետք է ներգրավված լինեն այս գործընթացում, ինչը եւ՛ առողջ մրցակցություն է ապահովում դաշտում, եւ՛ հնարավորություն է ընձեռում մեր քաղաքացիների համար որակյալ սպասարկում ապահովել: Իսկ օրենքի նախագծի տրամաբանությունն այն է, որ համայնքային ենթակայության կառույցը իր կողմից սպասարկվող երթուղագծերը շահագործի առանց մրցույթի մասնակցության, իսկ մրցույթներն անցկացվեն բոլոր այն երթուղագծերի համար, որոնք մնում են թափուր:

Ինչ վերաբերում է ուղեվարձի սակագնի սահմանման լիազորությունը ավագանուն վերապահելու դրույթին, ապա այո՛, դա եղել է մեր առաջարկը, ինչը համարում ենք արդարացված: Ի դեպ, տեւական ժամանակ է, ինչ որոշ լրատվամիջոցներ ժամկետներ են հրապարակում, թե այսինչ օրը ուղեվարձը կթանկանա: Վերջին այդպիսի հրապարակումն այսօր էր, որտեղ ասվում էր, որ ուղեվարձն այս տարվա ապրիլի մեկից թանկանալու է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ուղեվարձը այս տարվա ապրիլի մեկից չի թանկանալու», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նմանատիպ տեղեկություններ տարածողներին հորդորել գուշակությամբ չզբաղվել: