Հայ Ազգային Կոնգրեսը, լինելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի կողմնակից, այն դիտարկելով որպես կայուն եւ երկարաժամկետ խաղաղության ու ժողովրդավարության կարեւորագույն երաշխիք, արձանագրում է, որ, անկախ այն պայմաններից, որոնցում անցել է Ղրիմի ճակատագիրը որոշող հանրաքվեն, տեղի է ունեցել Ղրիմի ժողովրդի հստակ կամարտահայտություն, որի արդյունքները պիտի հաշվի առնվեն ցանկացած լուծման պարագայում: Այդ մասին ասել է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը iLur.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ղրիմում կայացած հանրաքվեն:
«Միեւնույն ժամանակ, Կոնգրեսն իր մտահոգությունն է հայտնում Ռուսաստանի եւ Ուկրայինայի միջեւ առաջացած հակամարտության կապակցությամբ, որը կարող է հաղթահարվել միմիայն երկու եղբայրական երկրների ժողովուրդների եւ իշխանությունների երկխոսության միջոցով` միջազգային իրավունքի, ուժի չկիրառման, ժողովրդավարության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Կոնգրեսը նաեւ մտահոգված է վերջերս Ռուսաստանի եւ Արեւմուտքի` Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպական Միության միջեւ լարվածության աճի կապակցությամբ:
Սառը պատերազմի դրսեւորումներով լարվածության էսկալացիան անընդունելի բաժանարար գծեր է ստեղծում, որոնք սպառնալիք են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային անվտանգությանը եւ խաղաղությանը: Անվտանգության եւ տնտեսական զարգացման առումով ծանր վիճակ է ստեղծվում հատկապես Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Հայաստանի նման երկրների համար, որոնք ակամա հայտնվում են բաժանարար գծերի վրա»,- նշել է Զուրաբյանը:



























