Ռուսաստանը կարծես թե որոշել է խմբագրել իր սահմանները, բայց նրան չի հաջողվի խմբագրել փաստերը: Այս մասին մարտի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:
«Ռուսաստանը հայտնի է իր հրաշալի գրականությամբ, բայց Ռուսաստանի դեսպանի քիչ առաջ ունեցած ելույթում ավելի մեծ երեւակայություն կար, քան Տոլստոյի կամ Չեխովի մոտ»,- ասել է Սամանտա Փաուերը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ի համար անընդունելի է ռազմական միջամտությունը եւ Ղրիմի բռնակցումը, որը Ռուսաստանը, ըստ ԱՄՆ դեսպանի, արել է Ուկրաինայի եւ միջազգային իրավունքի ոտնահարմամբ, նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների մեծ մասի ցանկությանը հակառակ:
Հիշեցնելով Օբամայի եւ համաշխարհային այլ առաջնորդների կողմից Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների մասին՝ Սամանտա Փաուերն ասել է. «Մենք պատրաստ ենք լրացուցիչ քայլեր ձեռնարկել, եթե Ռուսաստանը շարունակի իր սադրանքները»:
ԱՄՆ ներկայացուցչի խոսքով՝ որքան էլ Մոսկվան պնդի, որ իր գործողությունները Ղրիմում մարդու իրավունքների պաշտպանության նպատակ ունեն, բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանի ուզածն իր սահմանները մեծացնելն է:
«Ղրիմում մարդու իրավունքների խնդիրը հիմա է մտահոգիչ: Մեր վստահելի աղբյուրները տեղեկացնում են, որ էթնիկ ուկրաինացիներն ու թաթարները հետապնդվում են Ռուսաստանի դաշնակիցների կողմից: Թաթարները, որ կազմում են բնակչության 12 տոկոսը, բոլոր հիմքերն ունեն վախենալու, որ կրկին կարող են տեղահանումների կամ խտրականության զոհ դառնալ»,- ասել է Փաուերը՝ հիշեցնելով, որ Ղրիմի թաթար Ռեշատ Ահմետովին, որի մարմինը խոշտանգումների հետքերով գտել էին կիրակի, վերջին անգամ տեսել էին Սիմֆերոպոլի բողոքի ակցիայի ժամանակ մարտի 3-ին:
Փաուերի խոսքով՝ ԱՄՆ-ին խիստ մտահոգում է Ղրիմում քաղաքացիական ակտիվիստների եւ լրագրողների անվտանգությունը, եւ նպատակահարմար է գտնում միջազգային դիտորդներ տեղակայել Ուկրաինայի ամբողջ տարածքում, ինչին, սակայն, դեմ է Ռուսաստանը:
«Լսելով Ռուսաստանի ներկայացուցչի արձագանքը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցին՝ ես հասկացա՝ ռուսական հեքիաթի համար օբյեկտիվ տեղեկություններն ուղղակի անհարմար են: Չնայած Ղրիմի հանրաքվեն կայացել է, Ղրիմի ազգային եւ միջազգային իրավական կարգավիճակը չի փոխվել: Գողը կարող է գողանալ ուրիշի սեփականությունը, բայց ոչ սեփականության իրավունքը»,- ասել է Փաուերը:
Նրա խոսքով՝ այն ինչ արեց Ռուսաստանը, սխալ է ու վտանգավոր իրավունքի, պատմության եւ քաղաքականության տեսանկյունից:
«Մենք միասնաբար պետք է մերժենք այս ապօրնի գործողության ճանաչումը եւ առանց հետեւանքների չթողնենք դա: Մենք նաեւ պետք է հստակ ազդանշան տանք, որ այն ինչ կատարվեց Ղրիմում, չի կարող կրկնվել Ուկրաինայի այլ հատվածներում»,- ասել է Փաուերը:




























