ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացառել է ԱՄՆ-ի ռազմական միջամտությունն Ուկրաինայում՝ ռուսների հետ մարտական գործողություններում ներքաշվելն անվանելով «աննպատակահարմար», ինչը, նրա խոսքով, լավ չի լինի նաեւ Ուկրաինայի համար: Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է մարտի 19-ին ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք մտադիր չենք ռազմական միջամտություն ունենալ Ուկրաինայում: Կա ավելի լավ ճանապարհ: Մենք պարզապես կմիավորենք մեր բոլոր դիվանագիտական ռեսուրսները՝ համոզվելու, որ կա ուժեղ միջազգային կոալիցիա, որը կարող է հստակ ուղերձ հղել այն մասին, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի իր ճակատագիրը»,- ասել է Օբաման:

Փոխարենը ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները, ըստ Օբամայի, պատրաստ են ավելի կտրուկ տնտեսական գործողությունների դիմել:

«Մենք չենք ուզում Ռուսաստանի հետ փաստացի պատերազմ սանձազերծել: Ուկրաինացիներն էլ դա չեն ուզում: Ոչ ոք չի ուզում»,- ասել է ԱՄՆ նախագահը: