Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ղրիմի իշխանություններին կոչ է արել ազատել Ուկրաինայի ՌԾՈՒ-ի հրամանատար Սերգեյ Գայդուկին:
«Ռուսաստանի պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն դիմել է Ղրիմի Հանրապետության իշխանություններին` խնդրելով ազատել Ուկրաինայի ՌԾՈՒ-ի հրամանատար, կոնտրծովակալ Սերգեյ Գայդուկին եւ չխոչընդոտել նրա Ուկրաինա մեկնելուն», - ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Սերգեյ Շոյգուն ընդգծել է, որ Գայդուկը ստիպված է եղել կատարել իր ղեկավարության հրամանները` ենթարկվելով Ուկրաինայի զինված ուժերի զինվորական կանոնակագին, ընդգծում են ՌԴ պաշտպանության նախարարությունում, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, մարտի 19-ին հաղորդվել էր, որ Սերգեյ Գայդուկը ժամանակավորապես ձերբակալվել է դատախազության մարմինների կողմից, «քանի որ նրան ուղղված հարցեր կան»: Ղրիմի դատախազությունում պարզաբանել էին, որ ըստ իրենց տվյալի, Գայդուկը «Ուկրաինայի զորամասերին Կիեւից խաղաղ քաղաքացիների նկատմամբ զենք կիրառելու հրաման էր ուղարկել»:




























