Արագածոտնի մարզի Օհանավան եւ Կարբի գյուղերի մոտ կառուցվող նոր ՀԷԿ-ի շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է. առաջիկա օրերին շինտեխնիկան դուրս կբերվի հրապարակից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԷԿ-ը կառուցող GAHA Energy ընկերության տնօրեն Արմեն Խաչատրյանը:
«Որոշել ենք ժամանակավորապես դադարեցնել շինարարությունը, նույնիսկ խողովակաշար չենք անցկացնելու: Ոչ միայն գյուղացիների բողոքն է ազդել մեր որոշման վրա, այլեւ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները: Այնպես որ դեռ կսպասենք՝ տեսնենք, թե ինչ կլինի»,- ասաց նա:
Ընկերության տնօրենը համոզված է, որ Արագածոտնի մարզի յոթ գյուղերի բնակիչներին ուղղորդում են, սակայն հրաժարվեց անուններ տալ:
«Մարդկանց մեջ ահավոր պանիկա են առաջացնում, փորձում են գյուղացիներին ուղղորդել, որովհետեւ եթե գյուղացիների ուղղորդում չլիներ, մենք այնպիսի փաստարկներ ունեինք, որ նրանց վնաս չէ էդ ՀԷԿ-ի կառուցումը, բայց ինչ-որ մարդիկ աբսուրդ մտքեր են մարդկանց մեջ տարածում, դրա համար ենք դադարեցնում»,- ավելացրեց Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարում են Արագածոտնի մարզի Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ գյուղերի բնակիչները։ Նրանք մտավախություն ունեն, որ նոր ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։ Մարտի 19-ին առավոտից գյուղացիները նորից փակել էին Երեւան-Ապարան մայրուղին եւ պահանջում էին հանդիպում փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ: Կեսօրին Արմեն Գեւորգյանը եկավ հանդիպման ու գյուղացիներին խոստացավ ընդունել մարտի 21-ին եւ տալ հստակ պատասխան:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























