Արաբական Միացյալ Էմիրությունների բնակչությունը հետեւողականորեն ծերանում է՝ պայմանավորված առողջապահական ոլորտի զարգացմամբ: Այս կապակցությամբ կառավարությունը որոշել է բարձրացնել կենսաթոշակային տարիքը եւ լրացուցիչ արտոնություններ սահմանել:
Մինչեւ 2017թ. տարեց մարդկանց թիվն ԱՄԷ-ում կաճի 6%-ով, իսկ մինչեւ 2023թ.՝ եւս 11%-ով:
Կենսաթոշակային տարիքի բարձրացմանը զուգահեռ՝ կբարձրացվի բուժսպասարկման որակը: Առաջարվում է մշակել նաեւ պետական սոցիալական արտոնությունների համակարգ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով National թերթը:
Էմիրություններում կենսաթոշակային ֆիքսված տարիք գոյություն չունի: 25 տարվա աշխատանքային կենսագրություն ունեցողներն անցնում են թոշակի, որը վերջին աշխատավարձի 80 տոկոսի չափով է:
ԱՄԷ-ի օրենքով՝ աշխատել կարելի է սկսել դեռեւս դեռահաս տարիքից եւ 40 տարեկանում թոշակի անցնել: Նման դեպքերում վճարումների չափը երբեմն հասնում է ամսական մի քանի տասնյակ հազարավոր դոլարների, քանի որ Էմիրությունների ցանկացած բնակչի նախնական աշխատավարձը 4 հազար դոլար է, իսկ բուհն ավարտելուց հետո՝ 10 հազար դոլար:
Մասնագետների գնահատականի համաձայն՝ կառավարությունը ազգային կադրերի սուր դեֆիցիտ ունի: Զարգացմանը զուգահեռ ԱՄԷ-ում նոր աշխատատեղեր են ավելանում, աշխատողների պահանջարկն աճում է: Ընդ որում՝ արտասահմանցիներն ամեն տեղ չէ, որ կարող են աշխատել. Պետական պաշտոնյաների զգալի մասը ԱՄԷ-ի բնակիչներն են, տնտեսական ոլորտում եւս նրանք են առանցքային պաշտոններ զբաղեցնում: Բացի այդ, ֆինանսական ճգնաժամը ԱՄԷ-ին եւս ստիպում է մտածել պետական միջոցների խնայողության մասին:



























