Ուկրաինայում եւ Ղրիմում ռուսախոս բնակչության նկատմամբ ոչ մի ճնշում չկա: Այդ ամենը հորինվածք է, հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան մարտի 20-ի մամուլի ասուլիսում:
Ուկրաինայում ազգայնական տրամադրություններով պայմանավորված՝ հայ համայնքի անվտանգությանն առնչվող հարցին ի պատասխան դեսպանը նշել է, որ տարբեր գաղափարներ հայտնելը քաղաքացիների իրավունքն է: «Նրանք պաշտոնական անձինք չեն, կարող են ասել՝ ինչ ցանկանան»:
Դիվանագետը նաեւ ընդգծել է, որ Ուկրաինայի հայ համայնքը ներկայումս 350-400 հազար մարդուց է բաղկացած: Երկրի իշխանությունները նպաստում են համայնքի ազգային նույնականացման պահպանմանը, նշել է դեսպանը:
Ռուսախոս բնակչությանն անդրադառնալով՝ Իվան Կուխտան նշել է, որ ինքն անձամբ ռուս-ուկրաինական ընտանիքից է: «Ռուսախոսների հանդեպ ոչ մի ճնշում չկա եւ չի եղել: Մեր ընտանիքում մենք եւ ռուսերեն, եւ ուկրաիներեն, եւ անգլերեն ենք շփվում: Ինձ պաշտպանելու կարիք չկա: Ղրիմում երբեք ոչ ոքի չեն արգելել խոսել ցանկացած լեզվով», - ընդգծել է դեսպանը:
Որպես ժողովուրդների բարեկամության օրինակ՝ Կուխտան նշել է այն փաստը, որ իր մտերիմ ընկերներից մեկը Միրզոյան ազգանվամբ մարդ է: «Նրա հետ ընկերություն եմ անում արդեն 35 տարի», - նշել է դեսպանը՝ հավելելով, որ խախտումների մասին լուրերը հորինվածք է համարում:




























