Մարտի 18-ին եւ 19-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելել է Շահումյանի եւ Մարտակերտի շրջանների մի շարք համայնքներ՝ տեղի ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու եւ բնակիչների հետ հանդիպելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քարվաճառ քաղաքի համայնքապետն իր հաշվետվության մեջ անդրադարձել է նախորդ տարվա ձեռքբերումներին՝ շեշտադրելով ՀԲԸՄ եւ պետբյուջեի միջոցներով կառուցված նոր ջրագիծը եւ բնակչության մոտ 3 տոկոսանոց բնական աճը: Առկա խնդիրներից նա առանձնացրել է մանկապարտեզի բացակայությունն ու ճանապարհների անբարեկարգ վիճակը: Վարչապետը, ընդգծելով Քարվաճառի ռազմավարական նշանակությունը ողջ հանրապետության համար, նշել է, որ կատարված մեծածավալ աշխատանքներից հետո ոմանց մոտ առկա կասկածները շրջանի քաղաքական ապագայի վերաբերյալ ցրվեցին:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ շուտով կսկսվի Վարդենիս-Հաթերք բարձրավոլտ էլեկտրական օդային գծի կառուցումը, որը կանցնի Քարվաճառ քաղաքով, եւ, համաձայն նախագահի հանձնարարականի, դրան զուգահեռ կկատարվեն Վարդենիս-Քարվաճառ կարճ ճանապարհի հողային բարեկարգման աշխատանքները: Բնակարանաշինության վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ Ա. Հարությունյանը տեղեկացրել է, որ շուրջ մեկ տարուց կսկսվեն շրջաններում բնակարանաշինությունը խթանող հիփոթեքային ու պետական աջակցության ծրագրեր: Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն, Նոր Բրաջուր եւ Նոր Վերին Շեն գյուղերի համայնքապետերը, բացի ընթացիկ աշխատանքներից, ներկայացրել են նաեւ բնակիչների եկամտի հիմնական աղբյուրները եւ առկա հիմնախնդիրները: Նոր Գետաշեն համայնքում, ի պատասխան Ղրիմի հանրաքվեի համատեքստում արցախյան հակամարտության լուծման հնարավորությունների վերաբերյալ հարցին, Ա. Հարությունյանը ընդհանուր առմամբ ողջունելի է համարել ինքնորոշման իրավունքի ցանկացած իրացում, ինչն ամրացնում է Արցախի անկախության իրավական հիմքերը: Մյուս կողմից, սակայն, նշեց, որ արցախահայությունն ավելի քան քսան տարի առաջ է ինքնորոշվել եւ իր իրավունքները պաշտպանել պատերազմում: Վարչապետի խոսքով՝ հաշվի առնելով աշխարհում տիրող բազմակի ստանդարտները, մենք պետք է ինքներս կերտենք մեր ապագան ու պետականությունը՝ առաջին հերթին մարտունակության, այնուհետեւ տնտեսական ու ժողովրդագրական զարգացման ճանապարհով: Բնակիչների հետ հանդիպումներից հետո վարչապետը Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի մոտ հրավիրել է շրջանի բոլոր գյուղերի համայնքապետերի խորհրդակցություն, որի ժամանակ վերջիններս գործադիրի ղեկավարին հակիրճ տեղեկություններ են հաղորդել իրենց համայնքներում տիրող վիճակի մասին: Ա. Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ` բարձրացված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաեւ կոչ արել համայնքապետերին Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի երկայնքով շինարարության թույլտվություններ չտալ՝ առանց գործադիրի հետ համաձայնեցնելու, որպեսզի հնարավոր լինի պահպանել հանրապետական նշանակության այդ ճանապարհի համապատասխան տեսքն ու որակը: