Թուրքիայի հետ հարաբերութունների կարգավորումը լուրջ հնարավորություն կտա տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն ու կայունություն հաստատելու, ինչպես նաեւ համատեղ զարգացնելու տարածաշրջանը՝ բարեփոխումների իրականացման ճանապարհով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Հայաստանը կարեւոր է համարում Թուրքիայի հետ հարաբերությունների երկարաժամկետ կարգավորումը»,-հայտարարել է Բաղդասարյանը, հավելելով, որ Հայաստանւ Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրական քայլեր չի տեսնում:

«Հայաստանը պատրաստ է բացել սահմանները ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Դա դեպի ապագա տանող ուղի է: Իհարկե, անցյալը շատ կարեւոր է, սակայն մենք պետք է ապրենք ապագայով»,-ընդգծել է Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի համար շատ կարեւոր է հիշել իր միջազգային գործընկերներին ու հետեւողական աջակցությունը, որը Թուրքիային թույլ կտա օբյեկտիվորեն գնահատել իր պատմությունը ու առաջ շարժվել: