ԱՄՆ-ի ազգային աշխարհագրական հասարակությունը քարտեզներում Ղրիմը մոխրագույն ներկելու որոշում է կայացրել, ինչը կնշանակի «Հատուկ կարգավիճակով տարածք»: Տարածաշրջանի վարչական կենտրոն Սիմֆերոպոլը հատուկ խորհրդանշան կունենա:
Ամերիկյան աշխարհագրական քարտեզներ կազմողները հայտնում են, որ որոշումն ընդունվել է վիճելի տարածքների հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությանը համապատասխան: Այս գործողությունները ստեղծված իրավիճակի կամ լեգիտիմության ճանաչում չեն նշանակի:
Ավելի վաղ հաղորդագրություն էր հայտնվել, որ Ազգային աշխարհագրական հասարակությունը Ղրիմը կարող է նշել որպես Ռուսաստանի տարածք:
ԱՄՆ-ն եւ արեւմտյան այլ երկրները չեն ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանի կազմին եւ այն անօրինական են համարում:
Նշենք, որ Խորհրդային Միության ժամանակներում ամերիկյան աշխարհագրական քարտեզներին մոխրագույնով նշվել են Մերձբալթյան հանրապետությունները, քանի որ ԱՄՆ-ն չի ճանաչել դրանց միացումը ԽՍՀՄ-ին, հայտնում է «Ազատություն ռադիոն»:




























