Ռուսաստանը հայելային պատասխան կտա ԱՄՆ-ի հայտարարած պատժամիջոցներին՝ ամերիկացիների համարժեք ցուցակ կազմելու ճանապարհով: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը: Ըստ նրա՝ Մոսկվան «պատասխան միջոցների լայն շրջանակ է դիտարկում»:
«Դրանք կարող են լինել հայելային միջոցներ, որոնք կվերաբերեն ամերիկյան քաղաքականության վրա ազդող ամերիկացի պաշտոնյաների ցուցակների կազմմանը»,- ասել է Ռյաբկովը:
Բացի դրանից, շարունակել է դիվանագետը, համաչափ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն կա:
«Եթե Վաշինգտոնում գերակայում է լարվածությունը եւ առճակատումը սրելու քաղաքականությունը, ապա պատասխանը չի սահմանափակվի մեր կողմից», - ասել է նա:
«Այսինքն՝ պատասխան այնպիսի քայլերի միջոցով, որոնք աննկատ չեն մնա Վաշինգտոնում, քանի որ կան մի շարք բնագավառներ եւ որոշ կապեր, որոնք ամերիկյան կողմի համար նշանակություն ունեն», - հայտարարել է Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է «Ինտերֆաքսը»:




























