Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նա նշեց, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այն առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ`  3-8 տարի ժամկետով: Գործի շրջանակներում ընթանում է նախաքննություն, ձերբակալվածներ չկան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում մարտի 20-ին, մեկ զինվոր է զոհվել, մեկն էլ՝ վիրավորվել: Մեր տեղեկություններով՝ դեպքը եղել է Մարտակերտի մարտական դիրքերում, զինվորը մահացել է մարտական խնդիր կատարելիս, իսկ սպան տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ: Մահացող զինվորը 20-ամյա Արման Ղուկասյանն էր, իսկ վիրավոր սպան 26-ամյա Վարազդատ Զաքարյանն է: