Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ մարտի 20-ին, ավարտվեց «Խոտի դեզի» գործով բողոքի քննությունը.դատարանը չարդարացրեց Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի խոտի դեզը ծխահարելու եւ նրա գույքը վնասելու փորձի համար մեղադրվող չորս երիտասարդներին՝ Արամ Մուղալյանին, Գագիկ Առաքելյանին, Ռոբերտ Փիլոյանին, Արթուր Քլյանին:
«Ըստ էության, անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը: Բեկանեց միայն պատժի չափով՝ մի քանի ամսով նվազեցրեցին տղաների պատժաչափը եւ նշանակեցին տուգանք: Մուղալյանի պատժաչափը երկու ամսով նվազեցրին եւ գումարեցին 50.000 դրամ տուգանք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերաքննիչում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկող Արամ Մուղալյանի փաստաբան Վահե Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ Վերաքննիչ դատարանի որոշումը սխալ էր, իսկ պատժի մասով փոփոխությունը՝ ավելորդ. «Նրանք արդեն իսկ համաներմամբ պատժից ազատված էին: Մենք հարց էինք դրել, որպեսզի նրանց արդարացնեն, հետեւաբար դա ավելորդություն էր: Միեւնույն է, առաջադրած տուգանքն էլ համաներմամբ վճարման ենթակա չէ»։
Արամ Մուղալյանի փաստաբանը տեղեկացրեց, որ չորս տղաների փաստաբաններն էլ որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում. «Պետք է բողոքարկենք, քանի որ այս գործով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ: Վճռաբեկ դատարանից հույսեր ունենք»։
Նշենք, որ երեկ NEWS.am-ի հետ զրույցում Վահե Գաբրիելյանը ասել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը անկողմնակալ քննություն չի կատարում եւ կանխատեսել էր, որ դատարանը անփոփոխ կթողնի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանում ուսանած Արամ Մուղալյանի եւ նրա երեք ընկերների` Ռոբերտ Փիլոյանի, Գագիկ Առաքելյանի և Արթուր Քլյանի դեմ քրեական գործ էր հարուցվել խուլիգանության և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձի մեղադրանքով: Հոկտեմբերի 15-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել և համաներմամբ ազատ արձակել նիստերի դահլիճից: Նրանք դիմել էին Վերաքննիչ դատարան` արդարացման վճռի հասնելու համար:




























