Այս տարվա փետրվարին Ռուսաստանում կայացավ «Տարվա բանկ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է Banki.ru պորտալի կողմից: Լավագույն բանկիր ճանաչվեց Յունիբանկի Խորհրդի նախագահ եւ ռուսաստանյան Յունիաստրում բանկի նախագահ Գագիկ Զաքարյանը:

Թույլ տվեք շնորհավորել Ձեզ  «Տարվա բանկիր-2013» մրցանակի կապակցությամբ: Ռուսաստանի լավագույն բանկիրի կոչումը  Ձեզ շնորհվում է արդեն երրորդ անգամ:  Դուք արժանացել եք նաեւ  ֆինանսական աշխարհի մի շարք առաջատար մրցանակների, այդ թվում` «Տարվա մարդ» անվանակարգում: Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

Շնորհակալ եմ,  ինձ համար շատ հաճելի էր ստանալ այդ մրցանակը ռուսաստանյան բանկային խոշորագույն ինտերնետ պորտալի կողմից: Դա ոչ միայն իմ մրցանակն է, այլ բանկի ողջ անձնակազմի համատեղ աշխատանքի արդյունքը: Մենք դարձանք լավագույնը ուժեղ թիմի, հաճախորդների շնորհիվ, որոնցից շատերն արդեն երկար տարիներ է մեզ հետ են:

Մեր հաջողության բանաձեւը շատ պարզ է: Դա աշխատելու եւ նպատակին հասնելու ունակությունն է: Ինչպես միշտ, մենք փորձում ենք օգտակար լինել բոլորին` հաճախորդներին, գործընկերներին եւ հասարակությանը: Եթե ուզում ես հասնել արդյունքի, ապա պետք է հստակ հասկանաս քո հաճախորդին եւ առաջարկես այն ծառայությունները, որոնց կարիքը նա ունի: Ավելին` պետք է կարողանաս ճիշտ կանխատեսել հաճախորդների սպասելիքները: Կրկնակի հաճելի է, որ մեզ մոտ դա ստացվում է: Յունիաստրում բանկին մրցանակ շնորհվեց նաեւ տարվա առաջարկի համար:

Ի՞նչ դիրք է  գրավում Յունիբանկը հայաստանյան շուկայում:

Յունիբանկը գործում է արդեն 12 տարի: Մենք կենտրոնացած ենք մանրածախ ուղղության եւ ՓՄՁ-ների հետ աշխատանքի զարգացման վրա: Ֆիզիկական անձանց եւ ՓՄՁ-ների վարկավորման ծավալով Յունիբանկը  հայաստանյան բանկերի առաջատար հնգյակում, իսկ ժամկետային ավանդների գծով`  եռյակում է:  Gallup International-ի հետազոտության արդյունքներով, բնակչության ճանաչվածության ցուցանիշով եւս մենք առաջատար բանկերի եռյակում ենք:

Յունիբանկը շարունակում է արձանագրել  աճի դրական դինամիկա: 2013թ.-ին կանոնադրական կապիտալն ավելացրեցինք 1,7 մլրդ դրամով: Ներկայումս բանկի ընդհանուր կապիտալը կազմում է ավելի քան 21 մլրդ դրամ, ակտիվները` մոտ 149 մլրդ դրամ:

Այսօր մենք սպասարկում ենք ավելի քան 220 հազար հաճախորդի: Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 46 մասնաճյուղ, որոնք փուլ առ փուլ անցում են կատարում   «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատանքին: 

Զգալիորեն ընդլայնել ենք միջազգային համագործակցությունը: Դեկտեմբերին IFC-ի եւ Առեւտրի եւ զարգացման Սեւծովյան բանկի  հետ կնքեցինք համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում բանկին կհատկացվի 10 մլն ԱՄՆ դոլար: Միջոցները կուղղվեն ՓՄՁ-ների վարկավորմանը:

Յունիբանկն ակտիվ աշխատում է փոքր եւ միջին բիզնեսի հետ: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ աջակցություն է անհրաժեշտ ՓՄՁ-ներին այսօր:

Կարծում եմ, առաջին  հերթին, փոքր եւ միջին բիզնեսին հարկավոր են մատչելի ֆինանսական միջոցներ: Բիզնեսը կարեւորագույն նշանակություն ունի նոր աշխատատեղերի ստեղծման եւ երկրի տնտեսական աճի համար: Հայաստանում գրանցված ընկերությունների 95% -ը ՓՄՁ-ներ են, որոնք ապահովում են ՀՆԱ-ի մոտ 50%-ը: Մենք մեծ նշանակություն ենք տալիս այս ուղղությանը եւ զարգացման հետաքրքիր հեռանկարներ տեսնում: Յունիբանկի վարկային պորտֆելը գերազանցում է 113 մլրդ դրամը, որից մոտ 50%-ը բաժին է ընկնում ՓՄՁ-ներին տրամադրված վարկերին: Ամսական ՓՄՁ-ներին հատկացնում ենք միջինը 240 վարկ:

Սպառողական վարկավորման ուղղությամբ Յունիբանկը, կարելի է ասել, «հեղափոխական» քայլ կատարեց`  վարկի հաստատումը կատարելով մեկ րոպեում: Ինչպե՞ ս եք նախատեսում զարգացնել այս ուղղությունը:

Յունիբանկում իսկապես առավելագույնս պարզեցրել ենք սպառողական վարկի տրամադրման գործընթացը:  Հաճախորդին վարկի վերաբերյալ պատասխանը հայտնում ենք վայրկյանների ընթացքում: Մանրածախ բիզնեսում կա երկու կարեւորագույն նախադրյալ` արագություն եւ հարմարավետություն: Հենց այդ նպատակով մանրածախ ուղղության զարգացման մեջ մենք հիմնվում ենք տեխնոլոգիաների վրա: Փաստաթղթերի ծավալուն փաթեթների ներկայացումը, մասնագետի կողմից հայտերի գնահատումը, սուբյեկտիվ մոտեցումները մնացել են անցյալում: Մեր բիզնես-մոդելի հիմքում դրված են նորագույն տեխնոլոգիաները: Հաճախորդի վարկունակության գնահատումն իրականացվում է Salesforce ընկերության CRM համակարգի միջոցով: Այն մեզ հնարավորություն է տալիս օրական ուսումնասիրել ավելի քան 10 000 հայտ եւ սպառողական վարկի վերաբերյալ պատասխանը հաճախորդին ներկայացնել մեկ րոպեում:

Մինչեւ տարեվերջ կավտոմատացնենք նաեւ հիփոթեքի, ավտովարկի եւ անգամ բիզնես վարկերի հայտերի ուսումնասիրման գործընթացը: Նշեմ, որ հաճախորդը կարող է վարկի հայտը ներկայացնել նաեւ օնլայն: Այս տարի պլանավորում ենք սպառողական վարկավորման պորտֆելի 25-30% աճ:

Դուք իրականացնում եք լայնածավալ POS վարկավորում: Փոխվել է արդյոք մոտեցումը ռիսկերի կառավարման  համակարգի հանդեպ:

Իհարկե մենք իրականացնում ենք POS վարկավորում: Դա հենց ժամանակակից մանրածախ վարկավորումն է, որով հետաքրքրված է մեր հաճախորդը: Պարզապես անհրաժեշտ է գործընթացի,  այդ թվում` սկորինգային համակարգի ավտոմատացում: Դուք ճիշտ եք, առանց ռիսկերի գրագետ կառավարման այս ուղղության արդյունավետ զարգացում դժվար է ապահովել: Դրանով պայմանավորված փոխվել են հաճախորդի գնահատման տեխնոլոգիաները: Դա պահանջում է զգալի ներդրումներ տեղեկատվական տեխնոլոգիաների  ենթակառուցվածքում, բայց Յունիբանկը կարող է իրեն թույլ տալ նման նախագծի իրականացումը: Պլանավորում ենք ներդնել ռիսկերի մաթեմատիկական մոդելավորման համակարգ, որը հնարավորություն կտա արագ արձագանքել շուկայի փոփոխություններին եւ կանխատեսել արտաքին եւ ներքին գործոնների ազդեցությունը բանկի ռիսկերի եւ եկամտի վրա: Հենց սպառողական վարկերի ուղղությամբ ժամկետանցների ծավալը չի գերազանցում 1%-ը, ինչը, համաձայնեք, լավ ցուցանիշ է:

Զարգացման ինչպիսի՞ ռազմավարություն է ընտրել Յունիբանկը մոտակա տարիների համար: 

Մենք շեշտը դնում ենք բանկային տեխնոլոգիաների զարգացման վրա, քանի որ դրանից է կախված աշխատանքի արդյունավետությունը: Լուրջ ներդրումներ ենք իրականացնում բիզնես գործընթացների ավտոմատացման ուղղությամբ: Մեր բոլոր տեխնոլոգիաներն ուղղված են հաճախորդների սպասարկման ժամանակի կրճատմանը եւ ինքնուրույն սպասարկվելու հնարավորության ընձեռմանը: Յունիբանկն արդեն գործարկել է վճարային տերմինալներ վարկերի ինքնուրույն մարման եւ հաշվի համալրման համար: Նախատեսում ենք, որ շուտով տերմինալներով հնարավոր կլինի կատարել նաեւ վարկի ձեւակերպում եւ տրամադրում:

Այս տարի մասնաճյուղերում կտեղադրենք նաեւ «էլեկտրոնային գանձապահներ» սարքերը` ավտոմատացնելով կանխիկ գումարի ընդունման, տրամադրման եւ պահպանման գործընթացը:

Կշարունակենք նաեւ բանկային գործիքների օպտիմալացումը: Մենք ձգտում ենք, որպեսզի հաճախորդը, օգտվելով մեկ ծառայությունից, վերադառնա մեկ այլ ծառայությունից եւս օգտվելու: Մեր մոտեցումը դարձել է ավելի հաճախորդամետ, իսկ ծառայությունների տեսականին` առավել պարզ եւ հասկանալի:

Արդեն գիտեք, որ Յունիբանկը գործարկել է սեփական պրոցեսինգային կենտրոն եւ հանդիսանում է Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերի անդամ, թողարկում է ArCa լոկալ քարտեր: Ընդհանուր առմամբ բանկի կողմից թողարկված քարտերի քանակը գերազնցում է 176 հազարը:

Իհարկե, մենք կշարունակենք ընդլայնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ: IFC-ն Յունիբանկին կհատկացնի նաեւ  5 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափով վերականգնվող վարկային գիծ, որը կուղղվի առեւտրի խթանմանն ու փոքր եւ միջին ձեռնարկությունների շրջանառու միջոցների համալրմանը:  Ի դեպ, IFC-ն Յունիբանկին մատուցում է նաեւ խորհրդատվական ծառայություններ ռիսկերի կառավարման միջազգային փորձի ներդրման ուղղությամբ: