Ադրբեջանական գերությունից ազատված Մամիկոն Խոջոյանի վիրահատությունը նորմալ է անցել, եւ նա արդեն տեղափոխվել է Վերակենդանացման բաժանմունքից:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանը:

Նա նշեց, որ Մամիկոն Խոջոյանն արդեն գտնվում  է Վնասվածքաբանության բաժանմունքում, վիճակը կայուն է, 10-15 օր հիվանդանոցում մնալուց հետո դուրս կգրվի: Ի դեպ, նրա հիշողությունը որոշակիորեն վերականգնվել է, ճանաչում է հարազատներին, կարող է խոսել եւ պատասխանել հարցերին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Վերին  Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Մարտի 4-ին Ադրբեջանը նրան վերադարձրել է Հայաստանին: Նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաեւ բազմաթիվ վերքեր եւ սալջարդեր: Բոլոր վնասվածքները վկայում են, որ նրան գերության մեջ խոշտանգել են։ Մարտի 19-ին նրան բազկոսկրի վիրահատություն են արել: