Նշավան գյուղի 30-ամյա Գ.-ն շատ լավ տղա է՝ խելոք, գեղեցիկ, աշխատասեր, եւ հայտնի չէ, թե ինչու է աղջկա հայրը դեմ եղել նրանց ամուսնությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նշավանի գյուղապետ Պապ Հակոբյանը:
Նա նշեց, որ երիտասարդները երկար տարիներ ընկերություն են արել, իսկ «առեւանգումը» եղել է աղջկա համաձայնությամբ: Այդ է պատճառը, որ հոր սարքած տեսարաններից հետո աղջիկը ասել է, որ սիրում է այդ երիտասարդին եւ մնում է նրա կողքին: «Շատ լավ, աշխատող տղա է, ավտո դզող, փչող, երգիչ, ամեն ինչ էլ ձեռքից գալիս է, շնորհքով, ունիվերսալ տղա է, հետն էլ շատ սիրուն տղա է: Աղջիկն էլ ուսանող է, Երեւանում է սովորում»,- ասաց Պապ Հակոբյանը:
Գյուղապետն ասաց, որ հենց աղջկան փախցնելու օրն է նրա հայրը եկել խնամիների տուն եւ կռիվ սարքել, վերջիններս էլ ստիպված դիմել են ոստիկանությանը:
Պապ Հակոբյանի խոսքով՝ դեպքի հետեւանքով վիրավորվածը երիտասարդի ընկերն է, ում վիճակը կայուն է, վնասվածք է ստացել թեւի շրջանում: Նա նշեց, որ նորապսակները ապրում են հոր, մոր, եղբոր եւ քրոջ հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 19-ին, Նշավան գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որը ավարտվել է կրակոցներով: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գյուղի բնակիչներից մեկի տանը վիճաբանություն է եղել աղջկա առեւանգելու պատճառով: Գյուղի 30-ամյա բնակիչը Բերդիկ գյուղից առեւանգել ու ամուսնացել է մի աղջկա հետ, որի հայրը դեմ է եղել իր ամուսնությանը: Հայրը գնացել է տղայի տուն, որտեղ բացի իրենցի եղել են նաեւ այլ հարազատներ, վիճաբանել են, հարվածել նրա դեմքին, որից հետո քաշքշոց է սկսվել: Հայրը զայրացած դուրս է եկել տնից, իր մեքենայից վերցրել երկփոխանի որսորդական հրացանն ու հետ գալով կրակել տղաների ուղղությամբ: Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել փեսայի հարազատներից մեկը:




























