Օրերս պոլսահայ բազմատաղանդ մտավորական՝ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սեւան Նշանյանը արժանացավ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության բարձր պարգեւի՝ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի անվան մեդալի:
Դրանով ՀՀ սփյուռքի նախարարությունն ըստ արժանվույն է գնահատում Սեւան Նշանյանի ազգանվեր գործունեությունը, որն ամբողջությամբ հայապահպանության, հայոց լեզվի եւ հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանն անմնացորդ նվիրում է: Լինելով պոլսահայ մշակույթի բարձր արժեքների ճշմարիտ կրողը՝ Սեւան Նշանյանը իր հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցրել է նաեւ համամարդկային խնդիրների լուծման կարեւոր գործին: Դրա վկայությունն են նրա «Փոքր հյուրանոցների գիրք»-ը, «Բառերի տոհմածառ»-ը, մի շարք այլ հիմնարար աշխատություններ: Տաղանդավոր գիտնականը մեծ ներդրում ունի նաեւ թուրքերենի ուսումնասիրրության եւ զարգացման գործում: Նրա «Թուրքերենի ծագումնաբանական բառարան» հիմնարար աշխատությունը աննախադեպ է թուրքերենի ողջ պատմության համար:
Ներկայումս թուրքական բանտում գտնվող Սեւան Նշանյանը ծնվել է 1956 թվականին, Կ. Պոլսում:
Նախնական ուսումը ստացել է Պոլսի Պանգալթը թաղամասի Մխիթարյան վարժարանում: Միջնակարգ ուսումը սկսել է Ըշըք Լիցեում, հետո շարունակել եւ ավարտել է Ռոբերտ քոլեջը: 1974 թ., բարձրագույն ուսում ստանալու նպատակով, մեկնել է ԱՄՆ, որտեղ Յել /YALE/ եւ Կոլումբիա /COLUMBIA/ համալսարաններում ուսանել է պատմություն, փիլիսոփայություն եւ Հարավային Ամերիկայի քաղաքական պատմություն:
1984-85 թ.թ. Կոմմոդոր /Commodore 64/ անուն համակարգիչը առաջին անգամ Թուրքիա բերող, համակարգչային այդ ընկերության մասնաճյուղը ստեղծողը եւ համակարգչային նույնանուն առաջին ամսաթերթի հրատարակողն է: Ճամփորդել է աշխարհի տարբեր երկրներում եւ ճանապարհորդությունների ընթացքում իր տեսած վայրերի մասին բազմաթիվ գրքեր է գրել, բրիտանական եւ ամերիկյան մեծանուն ընկերությունների համար զբոսաշրջությանը եւ հետաքրքիր ուղեւորություններին վերաբերող գրքեր է հեղինակել: 1998 թ. հրատարակվել է Ս. Նշանյանի հեղինակային «Փոքր հյուրանոցների գիրք»-ը, որից հետո՝ նմանատիպ գրքեր 1, 2, 3 … հերթական թողարկումների բազմաթիվ տպագրում է եղել:
1996 թ. հաստատվելով նախկինում հունական Նէա Էֆեսոս, այժմ Շիրինջե կոչվող փոքրիկ գյուղում՝ այստեղ կառուցել է հյուրանոց եւ սկսել այս ոլորտում աշխատելով վաստակել: Նույն գյուղում պատմամշակութային արժեք ներկայացնող բազմաթիվ շինարարական աշխատանքներ է կատարել, տասնյակ տներ է վերականգնել, վերակառուցել, ինչի համար լուրջ խնդիրներ է ունեցել թուրքական իշխանությունների հետ:




























