Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը շարունակում է իր աշխատանքային այցերը Ստեփանակերտում գործող բժշկական հաստատություններ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԼՂՀ առողջապահության նախարարությունից:

Հերթական համայցը Քուշկյանն սկսել է «Արեւիկ» մանկական բուժմիավորումից: Նախարարը նախեւառաջ շրջել է բուժհաստատության հիվանդասենյակներով, ծանոթացել ախտորոշման եւ բուժման հնարավորություններին, լսել բուժանձնակազմի բարձրաձայնած խնդիրները, զրուցել երեխաների ծնողների հետ: «Արեւիկ» մանկական բուժմիավորումից հետո նախարարը այցելել է Ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ շենքային պայմաններին ծանոթանալուն զուգահեռ` քննարկել է ինֆեկցիոն հսկողության եւ ինֆեկցիոն հիվանդությունների բուժման հետ կապված բազմաթիվ հարցեր, տվել համապատասխան հանձնարարություններ: Դատաբժշկական փորձաքննության բյուրոյում նույնպես քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարները, տրվել հանձնարարականներ ինչպես հրատապ լուծումներ պահանջող խնդիրների, այնպես էլ ապագա անելիքների ուղղությամբ: Նախարարի այցն ավարտվել է Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանում: Այստեղ անելիքները շատ են, կայանը տեխնիկապես վերազինելու կարիք կա: Հարություն Քուշկյանը դիտարկել է շտապ օգնության մեքենաների մեջ GPS համակարգի տեղադրման եւ կարգավարարան կենտրոնի վերազինման հնարավորությունները: Նախարար Քուշկյանի շեշտադրմամբ՝ անհրաժեշտ է տեղայնացնել միջազգային ուղեցույցները. կանչի թերթիկների ձեւանմուշների, տարբեր հիվանդությունների վարման պրոտոկոլների մշակում: Շտապ բուժօգնության ոլորտի բարեփոխումները կներառեն անհրաժեշտ բոլոր բաղադրիչները` միջազգային չափորոշիչներին համապատասխան դեղորայքային պայուսակներից, համազգեստից մինչեւ բժիշկների վերապատրաստում: Հարություն Քուշկյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում ավարտել բարեփոխումը նախապատրաստող փաստաթղթային բազան:

Հարություն Քուշկյան ԼՂՀ առողջապահության նախարար պաշտոնավարման 7 օրերի ընթացքում այցելել է 11 բուժհաստատություններ: « Արցախցին պետք է բուժվի Արցախում: Աշխատելու ենք գիշեր-ցերեկ, ապահովելու ենք ոլորտի զարգացումը»,- Ստեփանակերտի Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում վստահեցրել է նախարար Քուշկյանը: Ծանոթանալով Կանանց կոնսուլտացիայի, ծնարանի, վիրահատարանի պայմաններին` նա շեշտել է դրանց բարելավման անհրաժեշտությունը: Մոր եւ մանկան առողջության պահպանումը սահմանելով գերակա ուղղություն, գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ սկսելու են Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումից: Այն բարենպաստ միջավայր կստեղծի ծնելիության աճի, մայրական մահացության նվազեցման համար: Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնն ունի կանանց առողջության ապահովման համար անհրաժեշտ սարքավորումների պակաս: Քուշկյանը կարեւորել է լապարասկոպիկ ուղղության զարգացումը, կենտրոնի հին սարքավորումը շուտով կփոխարինվի նորով: Նախարարը շրջել է հիվանդասենյակներով, զրուցել ծննդկանների հետ, վստահեցրել, որ ամեն ծննդկանի համար անձամբ է պատասխանատվություն կրում: