Բելգիացիների արքա Ֆիլիպը վերջին կես տարվա ընթացքում ստացել է հարյուրավոր տեղեկացումներ ավտոտուգանքների մասին՝ արագությունը գերազանցելու ու սխալ կայանման համար: Դրանք գալիս են ԵՄ մյուս երկրներից: Սակայն դա ճանապարհային ոստիկանության միասնական եվրոպական տվյալների բազայում սխալմունքի արդյունք է, հաղորդել է ՌՏԲՖ հեռուստաալիքը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ խնդիրը թագավորական լիմուզինի համարանիշներն են: Թագավորական BMW-ի միակ պետհամարանիշը «1»-ն է: Տեսախցիկներից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ թիվը պարունակող ավտոմեքենաների վարորդների խախտումների համար նախատեսվող տուգանքները վերագրվում են միապետին:

Թագավորական պալատը պարբերաբար այդ տեղեկացումները հետ է ուղարկում  ոստիկանությանը: