ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ուկրաինացի նախարարներից ավելի լավ են հասկանում, թե ինչ է պետք Ուկրաինային՝ ճգնաժամից դուրս գալու համար: Այս մասին հայտարարել է «Ուկրաինական ընտրություն» հասրակական շարժման առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկը:
«Մարտի 16-ին, Ղրիմում քվեարկության օրը, դիվանագետները եկան եզրակացության, որ ուկրաինական ճգնաժամը կարելի է հաղթահարել սահմանադրական բարեփոխումների ճանապարհով եւ «երկրի բոլոր շրջանների շահերը հարգելով»: Առավել հավանական է՝ խոսքը դաշնային համակարգի անցնելու մասին է, որը առավելագույնս է հաշվի առնում Ուկրաինայի բոլոր տարածաշրջանների շահերը: Ի դեպ, ավելի վաղ Ղրիմում ճգնաժամից դուրս գալու համար ֆեդերալիզացման անցնելու մասին ակնարկել էր նաեւ Անգելա Մերկելի ներկայացուցիչը»,-ասել է Մեդվեդչուկը:
Նա նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում լսել «համաշխարհային քաղաքականության ծանրքաշայինների» կարծիքը եւ շարունակում են պնդել միատարր Ուկրաինայի մոդելը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները միակ բանը, որ առաջարկում են երկրի տարածաշրջաններին, «տեղական ինքնակառավարման իրավունքների ընդլայնումն է»: Տարածաշրջանների լիազորությունների ընդլայնման մասին մենք լսում ենք վերջին 20 տարիներին: Բայց ամեն նոր իշխանություն աբվելի է սեղմում տարածաշրջանների օղակը»,-ընդգծել է շարժման առաջնորդը, հաղորդում է RBK-Ուկրաինան:
Մեդվեդչուկը հիշեցրել է, որ իշխանության իրական ապակենտրոնացումը հնարավոր է միայն պետության դաշնային կառուցվածքի դեպքում:
«Ֆեդերալիզացիայի գործընթացը արդեն ողջ թափով ընթանում է՝ ներքեւից վերեւ: Այն այլեւս անհնար է կասեցնել, այն կարելի է միայն գլխավորել եւ ուղղորդել ճիշտ հունով»,-ամփոփել է նա:




























