Գեղարքունիքի մարզի մարզպետարանի փորձաքննությանը չեն ուղարկել «Սեւանի լճի մասին» օրեքնի փոփոխությունների նախագիծը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է մարզպետարանի բնապահպանական բաժնի վարիչ Համարձում Համբարձումյանը՝ մեկնաբանելով խորհրդարանում «Սեւանա լճի» մասին օրենքում փոփոխությունների քննարկվող նախագիծը: Լսումները տեղի են ունեցել մարտի 18-ին:
Օրինագծի համաձայն՝ ջրի բաց թողումները ոռոգման նպատակով նախատեսվում է հասցնել տարեկան 240 մլն խորանարդ մետրի՝ ներկայիս 170-ի փոխարեն՝ մինչեւ 2019թ.-ը:
«Օրինագիծը մեզ չեն ներկայացրել: Եթե տրամաբանենք, ապա պետք է ուղարկած լինեին: Չէ որ Սեւանա լիճը մեր մարզի տարածքում է: Սակայն տրամաբանությունը տրամաբանությամբ, փաստն այն է, որ մեզ տեղյակ չեն պահել, լսումներին չեն կանչել»,- նշել է Համբարձումյանը: Մարզպետարանի փորձաքննությանը չէին ուղարկել օրենքի նախորդ փոփոխությունները, օրինակ, 2008թ.-ին, երբ բաց թողնելու ջրի ծավալը հասցվել էր 303 մլն խոր. մետրի: «Այսպես թե այնպես, ծրագիրն ամեն տարի հաստատվում է: Հնարավոր է, այդ պատճառով մեզ առանձին չեն դիմում, քանի որ ծրագիրն արդեն կա»,- եզրափակել է պաշտոնյան:
Իշխանությունները վստահեցնում են, որ վերջին օրինագծի նպատակն է Արարատյան դաշտն ու նախալեռներն ապահովել ոռոգման ջրով: 2019թ.-ին այս շրջանների համար նոր ջրամբարներ կկառուցվեն:




























