Սեւանում ձկնաբուծության զարգացման ծրագիրը մինչ այժմ դեռ անհասկանալի է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը: Նրա խոսքով՝ պետությունը դեռ Միությանը չի ներկայացրել այդ ծրագիրն ու չի առաջարկել մասնակցել դրան: «Մենք ինքներս չենք հասկանում, թե ինչ ծրագիր է դա, իսկ մեզ բացատրել չեն շտապում: Մենք այն չենք քննարկել, մեր կազմակերպություններից եւ ոչ մեկ դեռ պատրաստականություն չի հայտնել ներդրումներ կատարել»,- ասել է Աթոյանը:
Նշենք, որ պետությունը ներդրումների 25 տոկոսը նախատեսում է ստանալ մասնավոր հատվածից: Այնուամենայնիվ, Արթուր Աթոյանի խոսքով, տեղացի ձկնաբույծների հետ հանդիպումներ չեն կայացել:
Սեւանում իշխանի բուծումը ներառում է տնտեսությունների շինարարություն եւ պահածոների գործարանի կառուցում: Մինչեւ 2023թ. ներդրումները կազմելու են 66 մլրդ դրամ, իսկ մինչեւ 2018թ.՝ 29,4 մլրդ դոլար: Ծրագիրը համակարգում է «Իշխանի բուծություն վերականգնում եւ Սեւանում ձկնաբուծության զարգացում» հիմնադրամը, որը կառավարությունից արդեն 1 մլրդ դրամ է ստացել:




























