Կենսաթոշակառուները համաձայն չեն մարտի 19-ին Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հնչեցրած այն հայտարարության հետ, թե 2014թ. հունվարի 1-ից կենսաթոշակների թիրախավորված բարձրացումը (15%) էականորեն նվազեցրել է աղքատությունը կենսաթոշակառուների շրջանում:
Երեւանում NEWS.am-ի հարցումները ցույց տվեցին, որ թոշակառուների կարծիքով՝ հունվարի 1-ից հետո իրենց վիճակն ավելի է վատացել` հաշվի առնելով սննդամթերքի եւ կոմունալ ծառայությունների թանկացումները։
«Առաջ ավելի լավ էինք, քան բարձրանալուց հետո: Բոլոր ապրանքները թանկացել են, ոչ մի բան չկա, որ մարդ գնա մի քիչ էժան գնով վերցնի: Ավելի լա՞վ չէր թոշակը չավելացնեին, թանկացումներ չլինեին»,- ասաց կենսաթոշակառուներից մեկը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հայտարարությունը բարկացրել էր թոշակառուներին. «Գլուխը պատով ա տվել: Որ լավ լինի, 80 տարեկան մարդ եմ, կգամ,կմտնեմ քաքի հո՞րը»,- ասաց տարեց մի քաղաքացի, որն այդ պահին նորոգում էր վթարված կոյուղին:
«Վատ չի, իրանց համար լավ ա։ Ամեն մեկի վիզը ղասաբի տապորով չես կարա կտրես»,- դժգոհեց հարցման մասնակիցներից մեկը։
«Եթե թոշակառուն մենակ ապրի, ավելի լավ ա գերեզմաններում մի խուլ փոս անի, գնա, պառկի, հողը տա իրա վրա»,- ասաց տարեց մի կին։











