Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ հանդիպման ժամանակ անհանգստություն է հայտնել Ուկրաինայի արեւելյան եւ հարավ-արեւելյան շրջաններում ռուսալեզու բնակչության իրավունքների խախտումների առնչությամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Բանակցություններն ընթացել են Մոսկվայում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երկօրյա այցի շրջանակներում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, որտեղ իշխանության ոչ սահմանադրական փոփոխության արդյունքում շարունակվում է ներքաղաքական ճգնաժամը: Նախարարը անհանգստություն է հայտնել Ուկրաինայի արեւելյան եւ հարավ-արեւելյան շրջաններում ռուսալեզու բնակչության իրավունքների բազմաթիվ խախտումների, Կիեւի իշխանությունների թողտվությամբ արմատական խմբավորումների կողմից լարվածություն ստեղծելու առնչությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լավրովը նաեւ ընդգծել է ՄԱԿ-ի կողմից Ուկրաինային աջակցելու անհրաժեշտության մասին, որի նպատակը այդ երկրում «իրավիճակի կայունացումն է՝ երկարաժամկետ կայունություն ստեղծելու համար»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամ առաջացավ այն ժամանակ, երբ երկրի կառավարությունը նոյեմբերի վերջին որոշեց դադարեցնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները: Մարդիկ վրդովված այդ որոշումից դուրս եկան փողոց եւ տապալեցին նախագահ Յանուկովիչի իշխանությունը: