Ուկրաինայի համար ԵՄ-ն կարող է հանել վիզային ռեժիմն արդեն մինչեւ այս տարեվերջ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Դեշչիցան:

«Եթե իրատես լինենք, մենք կարող ենք ակնկալել, որ մինչեւ տարեվերջ ԵՄ-ն կհանի վիզային ռեժիմը: Անհրաժեշտ է մի քանի օրենք եւ մի քանի ենթաօրենսդրական ակտ ընդունել, որոնք ենթադրում են կենսաչափական անձնագրերի ներդնում, սահմաններին վերահսկողություն»,-ասել է նա:

Դեշչիցայի խոսքով՝ քննարկվում է նաեւ համագործակցության այլ տարբերակ: «Մյուս տարբերակը, որի մասին խոսում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, այն է, որ եվրոպական երկրները պետք է երկարաժամկետ եւ բազմանգամյա վիզաներ տրամադրեն: Եթե նրանք ոչ թե երեք ամսով, այլ նվազագույնը մեկ, իսկ առավելագույնը 5 տարով վիզաներ տրամադրեն, ապա մենք կհանենք վիզաների ստացման հարցը»,-նշել է Ուկրաինայի ԱԳ նախարարը:

Նա մեկնաբանել է նաեւ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության հարցը: «ՆԱՏՕ-ի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակեցրել ենք: Գոյություն ունի իրավական բազա, որը վերաբերում է Ուկրաինայի ներքին ու արտաքին քաղաքականության հիմքերին, եւ գոյություն ունի կառավարության ծրագիրը: Այդ փաստաթղթերից ոչ մեկում չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ դրույթ: Ուստի ներկայումս Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց օրակարգում չկա, եւ մենք այդ հարցով հայտ չենք ներկայացրել ՆԱՏՕ-ին»,-ընդգծել է Դեշչիցան: