Եվրոպացի առաջնորդները չեղյալ կհամարեն Ռուսաստանի հետ այս տարվա հունիսին նախատեսված գագաթնաժողովը եւ նոր պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ։ Այս մասին մարտի 20-ին ԵՄ գագաթնաժողովից առաջ Բրյուսելում լրագրողներին ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Ֆրանսիայի առաջնորդն «անընդունելի» է անվանելՂրիմի իրադարձությունները եւ ասել, որ «որոշակի թվով անձանց, նրանց անձնական վիճակի կամ ֆինանսական միջոցների նկատմամբ կսահմանվեն պատժամիջոցներ»։

«ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ նախատեսվում է հանդիպում, բայց այն չի կարող տեղի ունենալ այս պայմաններում»,- ասել է Օլանդը։

Ֆրանսիայի նախագահը նաեւ նշել է, որ եթե Ռուսաստանը գնա բանակցությունների, հետագայում նոր պատժամիջոցներ ԵՄ-ի կողմից չեն կիրառվի։ «Բայց եթե Ռուսաստանը շարունակի ապօրինությունները, եթե լինեն ռազմական գործողություններ, սպառնալիքներ, մենք կանցնենք պատժամիջոցների նոր փուլի»,- ասել է Ֆրանսուա Օլանդը։

Անդրադառնալով հարցին, որ ԵՄ անդամ երկրների միջեւ չկա միասնական մոտեցում Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ, Օլանդն ասել է. «Եթե նույնիսկ այսօր որոշում չկայացնենք տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ, դրանք պետք է քննարկվեն եւ պատրաստվեն»։