Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կասկածի տակ է դնում «հրաշալի քառյակի»` ապրիլի 28-ին, կառավարությանն անվստահություն հայտնելու մասին տեղեկատվությանը, քանի որ այդ մասին խոսել է միայն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Այս մասին նա ասաց այսօր` մարտի 20-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«ԲՀԿ-ն նման բա՞ն է ասել: Ես միայն Լեւոն Զուրաբյանից եմ նման բան լսել, իսկ մյուս խմբակցություններից դեռ ոչ ոք ուղիղ չի ասել, որ պատրաստվում է պահանջել կառավարության հրաժարականը»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ գործադիր նիստում այդ հարցը չի քննարկվել. «Բոլոր ժողովրդավարական երկրներում կառավարություն փոխել կարող է միայն ժողովրդի վստահությունը վայելող ուժը, իսկ դա քաղաքական մեծամասնությունն է: Ուստի ընդդիմությունն ու այլընտրանքը դրա հնարավորությունը չունեն»:

Լրագրողների հարցին` հնարավո՞ր է ՀՀԿ-ից առնետավազք տեղի ունենա եւ պատգամավորներ անցնեն ընդդիմության շարքերը, Շարմազանովն ասաց. «Ես կոռեկտ չեմ համարում նման ձեւակերպումները, ի՞նչ է նշանակում առնետավազք, մենք հարգանք ենք տածում յուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ, չպետք է անցնել կոռեկտության սահմանը: Բայց ասեմ. Եթե իրենք տասը պատգամավորի հույս ունեն, ապա մենք էլ կարող ենք 20-30 պատգամավորի հույս ունենալ այլ դաշտից»,- եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ազգային ժողովում ոչ իշխանական չորս ուժերը` «ԲՀԿ»-ն, «Ժառանգություն»-ն, «ՀՅԴ»-ն եւ «ՀԱԿ»-ը հրավիրել էին փակ նիստ, որից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողներին ասել էր, որ ապրիլի 28-ին հանդես են գալու կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: