Մենք միշտ կողմ ենք եղել ազգերի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Այս մասին, այսօր` մարտի 20-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը:
«Գործադիր մարմնի նիստի ժամանակ Ղրիմի հանրաքվեի հարցը չի քննարկվել: Ասեմ միայն, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես կողմ է եղել ազատ կամարտահայտման միջոցով ազգերի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Բավարարվենք այսքանով»,- ասաց նա` երկու անգամ կրկնելով նույն միտքը:
Նշենք, որ երեկ` մարտի 19-ին, կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Զրուցակիցներն անդրադարձել էին Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին եւ արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել էր միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարեւորությունը:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում ընտրողների 96 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ-ին Ղրիմի միացմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանում առաջ է քաշել սահամանադրական օրենքներ Ղրիմն ու Սեւաստոպոլը Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ:Ավելի ուշ Ռուսաստանն ու Ղրիմը համապատասխան պայմանագիր էին կնքել: Ուկրաինան, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն եւ տարածքների միացումը:




























