ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը համարում է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունը մեծ ռիսկեր է ստեղծում «ինչպես պետությունների համար, այնպես էլ դրա սահմաններից դուրս»:

Այդ մասին նա հաղորդել է Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «5-րդ ալիքը»:

«Ես ընդգծել եմ, որ կողմերը պետք է զերծ մնան հապճեպ կամ սադրիչ գործողություններից, որոնք կարող էին ավելի սրել առանց այն էլ լարված հարաբերություններ եւ պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել»,- ասել է Բան Կի Մունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքների հիման վրա, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հինգշաբթի Մոսկվա է ժամանել դիվանագիտական ջանքերի շրջանակում, որոնք ուղղված են խաղաղ ճանապարհներով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը:

Մարտի 21-ին Բան Կի Մունը մեկնելու է Կիեւ, որտեղ հանդիպում է ունենալու նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հետ: