Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի հետ հակամարտությունում Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կողմ է արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ «երկակի ռազմավարություն» կիրառելուն: «Մի կողմից չբացառել տնտեսական պատժամիջոցները՝ ընդգծելով, որ ԵՄ-ն չի հաշտվի իրավիճակի հետագա վատթարացման հետ: Մյուս կողմից հետազոտել, թե որտեղ կան ընդհանուր շահեր Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ տնտեսության եւ էներգետիկ ոլորտներում»,-մարտի 20-ին, Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի ավարտից առաջ հայտարարել է Շուլցը, հաղորդում է DW-ն:

Գերմանացի սոցիալ-դեմոկրատը նշել է հնարավոր համագործակցության ոլորտները գտնելու անհրաժեշտությունը՝ որի նպատակը Ուկրաինայի շուրջ հակամարտության լուծումն է: Միաժամանակ, նա կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին դադարեցնել զենքի առաքումը ՌԴ-ին: «Ներկա իրավիճակում, ակնհայտ է, որ զենքի մատակարարումները խելամիտ չեն»,-ասել է նա: