Ուկրաինան ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրմանը պատրաստ կլինի նախագահական ընտրություններից հետո: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ Բրյուսելում ԵԺԿ գագաթաժողովի ավարտից հետո:
«Մենք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրմանը պատրաստ կլինենք նախագահական ընտրություններից հետո, բայց փաստացի մենք արդեն հիմա սկսում ենք տնտեսական առաջընթաց ապահովելու գործընթացը»,-հայտարարել է Յացենյուկը:
Նա ընդգծել է, որ այդ համաձայնագրի ստորագրումը, «փաստացի ճանաչումն է այն բանի, որ Ուկրաինան դառնում է միասնական եվրոպական տարածքի մաս», հաղորդում է ТСН-ն:
Յացենյուկը հավելել է, որ եվրոպական շուկա մտնելու ու համապատասխան մաքսատուրքեր չվճարելու հնարավորությունը Ուկրաինայի տնտեսությանը հնարավորություն կտա առաջին տարում ստանալ ավելի քան 400 մլն դոլար:
Նշենք, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը Յացենյուկը ստորագրելու է այսօր՝ մարտի 21-ին:




























