Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեք երեւույթից է վախենում: Այդ մասին «Գրոմադսկե ՏԲ»-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոն «Առաջին ու ամենամեծ վախն իր ժողովրդի՝ ռուսների արձագանքն է: Երկրորդը՝ միջազգային հասարակության արձագանքը»,- նշել է Յուշչենկոն:
Դիտարկմանը, թե Ռուսաստանի նախագահն այնպիսի հայտարարություններ է անում, որոնցից չի երեւում, որ ինքը վախենում է միջազգային հասարակության արձագանքից, Յուշչենկոն նշել է. «Դեռ ուշ չէ»:«Դա ցուցադրական խիզախություն է: Վստահ եմ, որ արդեն մի քանի գիշեր չի քնում, քանի որ բացել է արկղը, որը դժվարությամբ է փակվում: Նրա դեմ հանդես է եկել ողջ աշխարհը»,- ասել է նախագահը:
«Երրորդ հարցը (որից Պուտինը վախենում է) ամենաառանցքայինն է՝ որպեսզի ուկրաինացիները լուծեն իրենց խոշորագույն քաղաքական խնդիրը, որն ունեն՝ թույլ ազգային միասնությունը, մեր թույլ ներքին ինտեգրացումը: Մեզ հաճախ են բաժանել, եւ Պուտինն օգտագործում է այդ բաժանման ամեն ճեղքվածք ու այսօր հարվածում է հենց այդ ճեղքերին»,- համարում է Յուշչենկոն:
Ինչպես հայտնի է, մարտի 20-ին Սպիտակ տունն ընդարձակել է ռուս պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների ցուցակը: Նրանց շարքում կան անձինք Պուտինի մերձավոր շրջապատից, նշում է «Ուկրաինսկայա պրավդան»:




























