Առաջիկա 7 տարվա ընթացքում որոշ դրույքաչափեր Հայաստանի համար կնվազեն: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հարիցն, թե ինչո՞ւ Հայաստանն ընտրեց բարձր տարիֆների եւ ինֆլյացիայի ճանապարհը Ռուսաստանի հետ, երբ կարող էր ավելի շահավետ պայմաններ ունենալ ԵՄ հետ տնտեսական համագործակցության շնորհիվ, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Երբ Ռուսաստանը անդամակցել է Համաշխարհային առեւտրի կազմակերպությանը, ստանձնել է պարտավորություններ՝ տարիների ընթացքում որոշ տուրքեր փուլ առ փուլ նվազեցնելու այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը այդ տուրքերի առումով ունի նվազեցված դրույքաչափեր: Եվ դա նշանակում է, որ տարիների ընթացքում այդ դրույքաչափերը Մաքսային միության ներքո էլ պետք է նվազեն, իսկ դա նաեւ նշանակում է, որ այս բանակցությունների գործընթացում կան բազմաթիվ տուրքի տեսակներ, որոնք մենք ստիպված չենք լինի բարձրացնել, հաշվի առնելով, որ այսօր նրանք Ռուսաստանում, Մաքսային միությունում բարձր են, բայց տարիների ընթացքում նվազելու են: Դրա համար անցումը լինելու է շատ ավելի սահուն եւ ինֆլյացիոն ճնշումները լինելու են շատ մեղմ:
Բանակցությունները, որ վարվում են Մաքսային միության մեր գործընկերների հետ, ոչր միայն Ռուսաստանի, այլ նաեւ Ղազախստանի, Բելառուսի, հաշվի են առնում այն առանձնահատկությունները որոնք առկա են մեր դրույքաչափերում: Եվ պետք չէ մոռանալ, որ կան մաքսատուրքերի դրույքաչափեր, որոնք Հայաստանում բարձր են, Մաքսային միությունում ցածր են: Այնպես որ դա միակողմանի չէ»:
Տիգրան Սարգսյանի խոսքով` թե՛ Հայաստանը, եւ թե՛ Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Հայաստանը ԵՄ հետ լավ հարաբերություններ ունենա: Ուկրաինայի դեպքերից հարկավոր է դասեր քաղել, ասել է վարչապետը` այսպես ներկայացնելով Հայաստանի իշխանությունների քաղաքական դիրքորոշումը Ղրիմի հարցում. «Մենք շահագրգռված ենք, որպեսզի չլինի կոնֆրոնտացիա, չլինեն սանկցիաներ, որ այս խնդիրները, որոնք առաջանում են, լուծվեն բանակցությունների շնորհիվ: Մենք դրանում խիստ շահագրգռված ենք եւ մեր քաղաքական դիրքորոշումը հենց այդպիսին է»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում




























