Արբանյակներից օդանավի բեկորների նման օբյեկտներ հայտնաբերելուց հետո վերսկսվել են անհետացած Boeing-777-200-ի որոնումները: Փրկարարները սկսել են օդանավը փնտրել Հնդկական օվկիանոսի տարածքում:
Նշենք, որ օդանավը փնտրում են Ավստրալիայի Պերտ քաղաքից 2,5 հազար կմ հարավ-արեւմուտք ընկած տարածքում, որտեղ էլ հայտնաբերվել էին այդ «բեկորները»: Ըստ մասնագետների` հայտնաբերված օբյեկտներից մեկի երկարությունը 24 մ է, մյուսինը` 5 մ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Որոնողափրկարարական գործողությունը իրականացնելու են ավստրալական, նորզելանդական եւ ամերիկյան օդանավերը: AMSA-ի խնդրանքով`տվյալ տարածքում օգնության է հասել նորվեգական առեւտրային մի նավ: Ավելի ուշ դրան կմիանա եւս մեկը: Մարտի 22-ին սպասվում է Success ռազմանավի ժամանումը:
Հիշեցնենք, որ Կուալա Լումպուրից Պեկին մեկնող օդանավը ռադարների էկրաններից անհետացել էր մարտի 8-ին: Օդանավում եղել է 239 մարդ: Հիմնական քննարկվող վարկածը օդանավի առեւանգումն է:



























